ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ռուսական դատարանների բազայից կիբեռհարձակման հետևանքով անհետացել է 89 միլիոն գործ. գերմանական DW-ի անդրադարձը

Ռուսաստանի դատական համակարգի թվային ողնաշարը ծանր հարված է ստացել․ շուրջ 89 միլիոն դատական գործ անհետացել է պետական ավտոմատացված համակարգից կիբեռհարձակման հետևանքով։

Գերմանական «Deutsche Welle»-ն ուսումնասիրել է դեպքի մանրամասներն ու ներկայացրել ուշագրավ փաստեր՝ անվտանգության աղաղակող բացերից մինչև քաղաքական ենթատեքստ։ Ի՞նչ է տեղի ունեցել, ո՞վքեր են հարձակման հետևում և ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ ռուսական դատական համակարգի վրա՝ ռեպորտաժում։

2024 թ․ աշնանն իրականացված հաքերային հարձակման հետևանքով ռուսական դատական բազայից անհետացել է արխիվի մեկ երրորդը։ Փաստն արձանագրել է ՌԴ Հաշվեքննիչ պալատը։ Ըստ այդ կառույցի  զեկույցի՝ պետական ավտոմատացված համակարգը խափանվել է, ինչից հետո անհետացել է դատական գործերի արխիվի մեկ երրորդը կամ 89 միլիոն դատական ակտ։

Կառույցի փոխանցմամբ՝ տվյալների բազան հարձակումից մեկ ամիս անց վերագործարկվել է, բայց արխիվի կորած մասը վերականգնել չի հաջողվել։  

«Այս ակտերը պահվում էին տվյալների բազայում, որտեղ հավաքվում են ռուսական դատարանների բոլոր որոշումները։ 2024թ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած կիբեռմիջադեպի հետևանքով տեղեկատվական համակարգերի տվյալները ջնջվել են»։ 

DW-ն հետաքննել է տեղի ունեցածի մանրամասները ու պարզել, որ «Արդարադատություն» համակարգի արտաքին անվտանգության վերջին ստուգումն անցկացվել է 2015 թվականին, այն երբևէ ամբողջությամբ չի թարմացվել և աշխատել է «տեխնիկապես հնացած ծրագրային ապահովմամբ»։ Չնայած սրան՝ համակարգը ֆինանսական խնդիրներ կարծես թե չի ունեցել։

«2003-ից մինչև 2024 թվականը ՌԴ իշխանությունները պետական ավտոմատացված համակարգի պահպանման ծախսերին ուղղել են 65,2 միլիարդ ռուբլի»։

Գերմանական պարբերականն ուշագրավ է համարել մի հանգամանք ևս։  Բազան, որը պատասխանատու է ռուսական բոլոր ատյանների դատարաններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համար, ենթարկվել է հաքերային հարձակման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, որից հետո գրեթե մեկ ամիս չի աշխատել։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ուկրաինական «BO Team» կիբեռխմբավորումը։

«Արդարադատություն» համակարգը ստեղծվել է 2000-ականների սկզբին և Ռուսաստանի դատական համակարգի թվային հենասյուն է: Այն նախատեսված է դատարանների միջև տեղեկատվության փոխանակման, գործերի գրանցման, փաստաթղթերի պահպանման և հանրային հասանելիության ապահովման համար:

Ըստ վիճակագրության՝ 2022-ից Ռուսաստանում պետական կառույցների դեմ կիբեռհարձակումների թիվն ավելացել է: Դրանց մի մասն, այսպես ասենք, ապահովել է «BO Team»-ը, որը ուկրաինական պատերազմից հետո ստանձնել է ռուսական տարբեր կայքերի և համակարգերի դեմ հարձակումների պատասխանատվությունը:

Կարդացեք նաև

Back to top button