Հասարակություն

Շոկային և ցավալի. Արարատի մարզպետի աշխատակազմն արձագանքել է Մխչյանի դպրոցում տեղի ունեցածին

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով, նշված է աշխատկազմի տարածած հայտարարության մեջ։

Մարզպետի աշխատակազմը խստորեն դատապարտում է կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը։

Նախօրեին ԶԼՄ-ները հայտնեցին, որ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանցի մի քանի տղա դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Մարզպետի աշխատակազմը հայտարարել է, որ «դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը»:

Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:

«Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված»,- ասված է հայտարարության մեջ:

Քննչական կոմիտեն դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 

Կոմիտեից հայտնել են, որ 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով, 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական եւ վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք եւ բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ ձերբակալման որոշում:

Կարդացեք նաև

Back to top button