ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Նահատակ» պոչամբարը դեռ 2024-ին պետք է ռեկուլտիվացված լիներ․ ինչո՞ւ է աղմկում Դեբեդը

Դեբեդ գետի կիրճում են գտնվում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարները։ Դրանցից ամենամեծը «Նահատակ» պոչամբարն է՝ Մեծ Այրում բնակավայրում։ Այն մինչև 2024-ի վերջը պետք է փակված ու անվնաս տեսքի բերված լիներ, բայց շարունակում է շահագործվել՝ առաջացնելով խնդիրներ, քանի որ պոչամբարների արտահոսքը շարունակում է լցվել Դեբեդ գետը։ Լոռու և Տավուշի՝ Դեբեդից օգտվող այգետերերը խնդրի լուծումը պետական մակարդակում են տեսնում․ ասում են՝ պետությունը պետք է փրկության ձեռք մեկնի Դեբեդին։

Տավուշի մարզի Պտղավան գյուղից Նոդար Հովհաննիսյանը մեծ այգիներ ունի։ Ասում է՝ ցիտրուսից բացի՝ ամեն ինչ աճում է։ Վերջին տարիներին, սակայն, Դեբեդի ջրերով ոռոգելը վտանգավոր է դարձել։ Տվյալներ ունի, որ պոչամբարների թունավոր պոչանքները Դեբեդ են լցվում, ինչի հետևանքով այգիներ են չորանում։ Զրուցակիցս որոշ դիտարկումներ է փոխանցում, որոնց համաձայն՝ իրենց տարածաշրջանում չարորակ գոյացությունների աճ կա։

Նոդար Հովհաննիսյան․ «Աղտոտվածությունը մեզ վնաս է տալիս, ծառերն արմատից չորանում են։ Պոչամբարների վնասը շատ մեծ է։ Ես չեմ կարող պոչամբարի ջուրը կտրել, որ մեզ չթունավորի, բայց պետական մակարդակով կարելի է»։

Դեբեդի կիրճում են Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 3 պոչամբարները։ Ամենամեծը «Նահատակ»-ն է՝ համանուն գետի հունում և Ճոճկան ու Մեծ Այրում գյուղերի միջև։ Մասնագետների գնահատմամբ՝ այն էապես աղտոտում է շրջակա միջավայրը։ Շուրջ 60 տարվա պոչամբարն ակտիվ շահագործվում է 2000-ականների վերջից՝ կոմբինատի վերագործարկմանը զուգահեռ։

Պակաս վտանգավոր չեն գնահատվում Ախթալայի վանական համալիրի հարևանությամբ գտնվող «Նազիկ» ու «Պայթուցիկների ձորի» պոչամբարները՝ ասում է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։ Դրանց թափոններն Ախթալա գետակն է Դեբեդ հասցնում, ինչի դեմ տարիներով պայքարում են։ 10 տարի է՝ «Նահատակ» պոչամբարի մոտ ապրող մարդիկ պատկան ատյաններից պահանջում են ռեկուլտիվացնել այն։

Օլեգ Դուլգարյան․ «Մինչև 2024-ը այն պետք է ռեկուլտիվացված լիներ, բայց շարունակում է շրջակա միջավայրին վնաս հասցնել։ Գյուղի անմիջապես մեջտեղում է։ Մարդիկ ապրում են պոչամբարի մոտ։ Այս պոչամբարից ամենամեծ արտահոսքը եղել է 2023-ին, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Թե ուր է հասել քրեական վարույթը, հասկանալի չէ»։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի 2020-ի «Հանքարդյունաբերական թափոնները և պոչամբարները Հայաստանում. Աղետների ռիսկի կառավարումը» ձեռնարկում նշված է. «ՀՀ օրենսդրությամբ՝ պոչամբարները շահագործող կազմակերպությունները պատասխանատու են դրանց անվտանգության ապահովման, անվտանգ կառավարման միջոցառումների իրականացման, ինչպես նաև անվտանգ օգտահանման համար»։

«Նահատակ» պոչամբարը տեղ-տեղ փշալարերով է առանձնացված։ Տարածքում նաև զգուշացնող ցուցանակ կա։ Բայց դա՝ միայն մարդկանց համար։ Անասունները հաճախ են անարգել հասնում բուն պոչամբարի տարածք։ Թունավոր նյութերով ներծծված խոտածածկից թույնը անասունների օրգանիզմ է հասնում, հետո՝ մարդու։ Անձրևաջրերն ու հալոցքն էլ պոչամբարների պոչանքները լվանում, Դեբեդ են լցնում՝ ամբողջացնելով աղտոտման շղթան։ Ոչ ոք, սակայն, պատասխանատվություն չի ստանձնում միջավայրի ու ջրերի աղտոտման համար՝ ասում է Օլեգ Դուլգարյանը։ Մեծ Այրում բնակավայրն անգամ ազդակիր չէ։ Ազդակիր է միայն Ճոճկանը։ Սա, ըստ նրա, փորձաքննությունների ձևական լինելն է վկայում։

«Հանրային ճնշման արդյունքում դիմել էինք, որ վերանայեին և Մեծ Այրում գյուղը դարձնեն ազդակիր համայնք, բայց ասել են՝ իմաստ չունի, քանի որ 2024թ-ի վերջին պոչամբարը, միևնույն է, լինելու է ռեկուլտիվացված»։

2021-ին Ախթալայի կոմբինատը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվություն, ստացել դրական եզրակացություն։ Ռեկուլտիվացիան, որի ընթացքը պետք է վերահսկեր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, գնահատվել է շուրջ 740 մլն դրամ։ Մինչ օրս, սակայն, այն ռեկուլտիվացված չէ։

«Ռադիոլուր»-ին տեսչական մարմնից փոխանցեցին, որ Ախթալայի կոմբինատում վերջին  ստուգումն արել են 2018-ին, 2025-ին պլանային ստուգում նախատեսված չէ։ Մի քանի ահազանգով վարույթներ են հարուցվել, բայց խախտումներ չեն արձանագրվել։  

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում ստուգում իրականացնելու դեպքում տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակներում կանդրադառնա նաև ռեկուլտիվացման աշխատանքներին։ Վերջին ստուգումից հետո Տեսչական մարմին ստացվել է 4 ահազանգ, որոնցից 2024թ. ապրիլի 30-ին ստացված տեղեկատվության հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում Դեբեդ գետի աղտոտվածության մակարդակը պարզելու նպատակով գետի տարբեր հատվածներից կատարվել է ջրի 31 նմուշառում, որոնց ուսումնասիրությամբ ջրի որակի խախտումներ չեն հայտնաբերվել։

Ախթալայի կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն էլ իր հերթին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հերքեց այգետերերի պնդումները, թե պոչանքները Դեբեդ են լցվում ու այգիներ աղտոտում։ Հորդառատ անձրևների սեզոնին, ասում է, գետի ջուրը պղտոր է։ Իսկ ռեկուլտիվացիան նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ։

Գագիկ Շահնազարյան․

«Հողային աշխատանքները մի 30-40 տոկոսով ավարտված են պատվարի կողմում։ Մեր նպատակն է, որ էդ խնդիրներն էս տարի լուծենք։ Ջուրը շատ է էս տարի։ Անհասկանալի է՝ էդ մարդիկ ո՞նց են գլխի ընկնում։ Եթե մեկը ցեխ է տեսնում, ենթադրում է, որ կոմբինատից է։ Մենք ի՞նչ անենք, հո անձրևի առաջը չենք կարա առնենք։ Թող անիմաստ չբողոքեն։
— Բայց քննչականը նաև լուր տարածեց նմուշների փոփոխման մասին/ լրագրող/։
— Չէ, չէ դա դրա հետ կապ չունի»։

Իսկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի 2024-ի 4-րդ եռամսյակի տվյալներն այլ պատկեր են տալիս․ ըստ այդմ՝ հանքարդյունաբերության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվել են հյուսիսային ջրավազանի Ախթալա, Դեբեդ, Շնող գետերը, որտեղ ջրի որակը, ըստ պաշտոնական գնահատման, «հիմնականում վատ» է։

Կարդացեք նաև

Back to top button