
Ազգային ժողովն ընդունել է օրենսդիրների գնահատմամբ ռազմավարական նշանակության օրենսդրական փաթեթ՝ ուղղված երկրի ռազմարդյունաբերության զարգացմանը: Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ երկար սպասված այս փոփոխությունները կարող են վճռորոշ դեր ունենալ Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդման գործում:
Տարիներ շարունակ քննարկված առաջարկն արդեն ԱԺ-ում է։ Ըստ դրա՝ պետական սեփականություն հանդիսացող ռազմամթերքը և զինատեսակները կարող են տրամադրվել ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին՝ դրանք օգտագործելու նոր զինատեսակների արտադրության, արդիականացման, նորոգման, փորձարկման կամ օգտահանման նպատակով։ Սակայն իրավական հստակ կարգավորման բացակայությունը խոչընդոտել է այս գործընթացին։
ԱԺ պատգամավոր Ռուբեն Մեհրաբյանը, որ մինչև պատգամավոր դառնալը ղեկավարում էր Հայաստանի Ռազմաարդյունաբերական համալիրը, սա կարևոր նախագիծ է համարում։
«Այս մասով խնդիրները բազմիցս բարձրաձայնել ենք, այդ թվում՝ ոլորտի մասնագետների կողմից, և ես շատ ուրախ եմ, որ խնդիրներին լուծումներ են արդեն տրվում»։
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որն ուղղված է խնդրի լուծմանը, Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով փոփոխության անհրաժեշտությունը։ Փոփոխությամբ կառավարության համար հստակ լիազորություն է ամրագրվում, որը պետք է զերծ պահի մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների բյուրոկրատական քաշքշուկներից։
«Պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կառավարության որոշման համաձայն կարող է օտարվել, կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակում ներառված ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին, այստեղ ավելացրել ենք՝ ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագրի հիման վրա պետական պատվեր կատարող սուբյեկտներին՝ նոր արտադրատեսակների մշակման կամ արտադրատեսակների արդիականացման կամ նորոգման, կամ օգտահանման, կամ փորձարկումների իրականացման համար»։

Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը այս նախաձեռնությանը ռազմավարական առումով առանցքային նշանակություն է վերագրում՝ դա պայմանավորելով անվտանգային մարտահրավերներով։ Առանց դրա հնարավոր չէ ապահովել ինքնաբավություն, իսկ դրա համար անհրաժեշտ է ամուր օրենսդրական հիմք՝ շեշտեց Տրդատ Սարգսյանը.
«Սա շատ կարևոր նախագիծ է, որով մենք աջակցություն ենք ցույց տալիս ռազմարդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերություններին»։
Նախագծով առաջարկվում է օրենքը համալրել նոր՝ 4․1 գլխով, որը կառավարությանը կտրամադրի իրավասություն՝ որոշելու ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններին ռազմական արտադրանքի տրամադրումը նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկման նպատակով։ Գործարքները կկատարվեն լիազորված մարմնի միջոցով՝ կառավարության որոշման հիման վրա։
Տրդատ Սարգսյանը նշեց նաև փոփոխության ակնկալվող արդյունքները՝ փոփոխությունը կնպաստի ոչ միայն ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանը, այլև գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների խթանմանը, տեղական նորարարությունների առաջխաղացմանը և պետական ռեսուրսների վերահսկելի ու արդյունավետ կիրառմանը՝ ձևակերպեց պատգամավորը։
Նախագծի իրականացումը չի պահանջում լրացուցիչ բյուջետային ծախսեր, այն մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործակցությամբ։
Առաջարկվող փոփոխությունները կառավարության 2021-2026 թվականների ծրագրային դրույթներից են և ռազմարդյունաբերական ներուժի զարգացման, արտադրական շղթայի ամբողջական ապահովման և տեղական հնարավորությունների ընդլայնման ուղղություններից։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձանագրեց, որ այս փոփոխությամբ հնարավորություն է տրվում նաև որոշ դեպքերում շոշափելիորեն տեսնել այն, ինչի մասին հնարավոր չէ բաց խոսելը.
«Որոշ պաշտոնյաներ ունենան հնարավորություն՝ տեսնեն իրենց աչքով, շոշափեն իրենց ձեռքով այն, ինչ մենք չենք կարողանում բաց, հանրային մեր խոսույթի մեջ օգտագործենք։ Բայց դա ցանկալի է, որ տեսնեն ու համոզվեն, որ այն, ինչի մասին չենք խոսում, դա իրականություն է և այն, ինչը մենք առաջարկում ենք, այդ իրականության կարողությունների ավելացմանն է ուղղված»։
Ըստ օրենսդիրների՝ նախագծի ընդունումից հետո ակնկալվում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային օգտագործում, նորարարության խթանում ռազմարդյունաբերության ոլորտում և պաշտպանական անկախության աստիճանական խորացում։ Այսինքն, ըստ օրենսդիրների, օրենսդրական այս փոփոխությունը կարող է դառնալ Հայաստանի ռազմական արդյունաբերության զարգացման և երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման կարևոր քայլ։




