
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Հայկական մոտոցիկլիստների ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանն այսօր ներկայացրել է ապրիլի 24-ին ընդառաջ նախատեսվող ակցիան, որը հնարավոր է էական փոփոխության ենթարկվի: Եթե մի քանի ամիս առաջ այս ակումբի անդամները մտադիր էին 50 բայքերներով Լոս Անջելեսից մոտոցիկլետներով դուրս գալ և ապրիլի 24-ին հասնել Եղեռնի հուշահամալիր՝ ճանապարհին եվրոպական երկրներում բոլոր դեսպանատների դիմաց իրականացնելով իրազեկող և դատապարտող ակցիաներ, ապա այժմ եղանակով պայմանավորված հնարավոր է, որ մոտոցիկլիստները չանցնեն Եվրոպայով, ասում է Հայկական մոտոցիկլիստների ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը։
Որոշումը դեռ վերջնական չէ և հնարավոր է մի քանի մոտոցիկլիստներ ռիսկի դիմեն ու մի կերպ փորձեն մարտին ուղևորվել Հայաստան Եվրոպայով: Ինչևէ, ամեն դեպքում՝ մոտոցիկլիստները ճանապարհ կընկնեն Հայաստան հայկական դրոշներով, որոնց վրա սև ժապավեն կամրացնեն ի նշան ցեղասպանության դատապարտման: Մոտոցիկլների վրա կլինեն Մեծ եղեռնը ներկայացնող պատկերներ:
Ի դեպ՝ ակցիային մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաև իսպանաց, ամերիկացի ու իտալացիմոտոցիկլիստները, քանի որ Հայկական մոտոցիկլիստների ակումբն էլ ակտիվություն է դրսևորում ԱՄՆ- ում տարբեր ազգերի կողմից նախաձեռնվող ակցիաներին։




