ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կրթություն-աշխատաշուկա կապը չի զարգանում․ կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ

2022 թվականից Հայաստանում զբաղվածության ապահովման նոր ծրագիր է իրականացվում ռազմական գործողությունների մասնակցած ու զորացրված անձանց համար։ Եռաբաղադրիչ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդներին մասնագիտական հմտություններ ձեռք բերելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու հարցում։ Բայց, հակառակ ջանքերին, փորձագիտական դաշտում նկատում են՝ կրթություն–աշխատաշուկա կապը դեռ լավ չի զարգանում։

Ուսուցում, պրակտիկա, միանվագ աջակցություն․ արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում գործում է զինվորական ծառայությունից զորացրվածների զբաղվածության աջակցության ծրագիրը։ Գործատուն և ապագա աշխատողն են որոշում, թե որ բաղադրիչից են օգտվելու՝ հստակացնում է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Թե որտեղ է սովորելու շահառուն, որոշում են համատեղ։ Պետությունն էլ ուսման ծախսն է փոխհատուցում մինչև հինգ ամիս՝ 50 հազար դրամ և ևս 30 հազար դրամ կրթաթոշակ։ Պարտադիր է, որ գործատուն աշխատանքային պայմանագիր կնքի, իսկ եկամտահարկը՝ մինչև 50 հազար դրամ, դարձյալ փոխհատուցում է պետությունը․

«Երկրորդ բաղադրիչը պրակտիկան է։ Եթե պարզվում է, որ գիտելիքը բավարար է, միայն փորձի պակասն է, այս պարագայում կնքվում է մեկ տարվա աշխատանքային պայմանագիր, քանի որ, ըստ օրենսդրության, պրակտիկան աշխատանքային հարաբերություն է։ Պետությունը այս պարագայում գործատուին գումար է տալիս, որպեսզի աշխատավարձ վճարի շահառուին։ Նվազագույն աշխատավարձի չափով գումարն է և հարկերը։ Ընդհանուր 100 հազար դրամ է կազմում»։

Երրորդ բաղադրիչով միանվագ գումար է հատկացվում գործատուին։ Սա ոգևորելու նպատակ ունի․ գործատուն ստանում է 300 հազար դրամ՝ պայմանով, որ աշխատանքային պայմանագիր կնքի 12 ամսով։ Գործատուն ինքն է որոշում՝ գումարը երբ վերցնի՝ սկզբում, թե վերջում։

Ծրագրի շահառուները զորացրված ու գործազուրկ դարձած քաղաքացիներն են, ինչպես նաև 2016, 2020, 2022 թթ․ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեմ մասնակիցները։

ԱՍՀ փոխնախարար Ռուբեն Սարգսյանն արձանագրում է՝ այս տարիքային խմբում աշխատանք գտնելը դժվար է, քանի որ կա՛մ գիտելիքի պակաս կա, կա՛մ եղած գիտելիքը պետք է թարմացվի։ Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

«2022–ին ունեցել ենք 278 շահառու, նախատեսել էինք ունենալ 200 շահառու։ 2023–ին՝ 526, 2024–ին՝ 321 շահառու։ Այս տարի նախատեսել ենք 500 շահառու․ այս պահի դրությամբ ունենք 75–ը։ Փորձը ցույց է տալիս, որ տարվա ընթացքում շահառուների թիվն ավելանում է»։

Մասնագիտացումները տարբեր են՝ SMM մասնագետից մինչև կահույքագործ։ Արդյո՞ք նման ծրագրերը ոչ միայն զբաղվածության հարց կլուծեն, այլև կնպաստեն աշխատաշուկայի խզվածության նեղացմանը՝ հարցնում եմ  ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանին։ Փորձագետն ընդգծում է՝ թվային ցուցանիշները լավն են, ուղղությունները՝ նույնպես։ Բայց մտահոգություններ ունի․

«Խոսքը վերաբերում է կրթություն–աշխատաշուկա կապին, որն ակնհայտ է, որ լավ չի գործում։ Տեղյակ ենք, որ կառավարության ծրագրերը բազմաթիվ են, որոնք իսկապես հիմքում լավ նախաձեռնություն ու գաղափար ունեն, բայց կատարողական առումով թերի են ու անհրաժեշտ արդյունավետություն չեն ապահովում։ Ես չգիտեմ՝ սա իսկապես կարող է ապահովել, թե ոչ»։

Իսկ ինչո՞ւ է կրթություն–աշխատաշուկա կապը թույլ․ Սոս Խաչիկյանն ընդգծում է, որ պատճառը բիզնես–կրթական հաստատություններ թույլ կապն է։ Բացատրում է՝ բիզնեսին անընդհատ փոփոխություններ են պետք, ոլորտներն արագ են զարգանում, իսկ կրթական հաստատություններին վարչարարությունն այդպիսի հնարավորություն չի տալիս։ Սա օբյեկտիվ գործոններից է, բայց կան նաև սուբյեկտիվները։

«Անհրաժեշտ է դրանք բերել միասնական չափանիշների համադրության։ Բայց մենք գիտենք, որ այդ խզումը կա։ Չեմ կարող մեղադրել բիզնեսին կամ կրթական հաստատություններին, քանի որ փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, և խզվածությունը մեծանում է»։

Հենց նաև այս խզվածությամբ է պայմանավորված, որ աշխատաշուկայում թափուր հաստիքները շատ են, բայց գործազրկության մակարդակը բարձր է։ Այնուամենայնիվ, որոշիչ են նաև ցածր աշխատավարձերը, աշխատանքային պարտականությունները։ Մարդիկ ցանկանում են բարեկեցիկ կյանքով ապրել, իսկ դրա համար արժանապատիվ աշխատավարձ է անհրաժեշտ՝ եզրափակում է զրուցակիցս։

Կարդացեք նաև

Back to top button