
89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որն իր համեստ ապրելակերպի պատճառով համարվում էր «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։
«Խորը վշտով հայտարարում ենք մեր ընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին», — X սոցիալական ցանցում գրել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։
Օրսիի խոսքով՝ Մուխիկան ոչ միայն նախագահ էր, այլև ակտիվիստ, օրինակելի անձնավորություն և առաջնորդ։
«Մենք շատ կկարոտենք քեզ։ Շնորհակալություն մեր ժողովրդի հանդեպ քո մեծ սիրո և այն ամեն ինչի համար, որ մեզ տվել ես»,-ավելացրել է նա։
Մուխիկան ծնվել է Մոնտեվիդեոյում 1935 թվականի մայիսի 20-ին և Ուրուգվայի նախագահ է ընտրվել 2009 թվականին։
Նա երկիրը ղեկավարել է մինչև 2015 թվականը։ Երիտասարդ տարիներին՝ 1960-ական և 1970-ական թվականներին, նա եղել է Տուպամարոս ձախակողմյան արմատական շարժման ակտիվիստ, որը ոգեշնչված էր Կուբայի հեղափոխության գաղափարներով և պարտիզանական մեթոդներ էր կիրառում իշխանությունների դեմ պայքարելու համար։
Նա վեց անգամ վիրավորվել է և 14 տարի անցկացրել բանտում։ Մուխիկան իր պատժի մեծ մասի ընթացքում պահվել է մենախցում։ Նա ազատ է արձակվել 1985 թվականին, երբ Ուրուգվայում վերականգնվել է ժողովրդավարությունը։




