ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Տան ձայնը հեռվից». 17-ամյա Նարեն Արցախի մասին «տեսախցիկային» հուշերը փոխանցել է ցուցահանդեսով

Արցախցի Նարե Առուշանյանի լուսանկարները պատմում են Արցախի ու արցախցու մասին։ Դրանք առավելապես սև ու սպիտակ են։ Նա այս միջոցն է ընտրել՝ աշխարհին պատմելու իր մտածումները։ «Տան ձայնը հեռվից» խորագիրն է կրում Նարե Առուշանյանի առաջին ցուցահանդեսը։

14 տարեկանից լուսանկարչական ապարատը նրա անբաժան մասնիկը դարձավ։ 17- ամյա արցախցի Նարեն լուսանկարում էր Արցախն իր բոլոր գույներով։ Ուզում էր ամեն գեղեցիկ պահը հավերժացնել։

«Սկզբում նկարում էի Արցախի բնությունը՝ սարերը, ձորերը, ամեն ինչ։

Բայց 2020թ․ նրա ֆոտոխցիկի նկարների բովանդակությունը փոխվեց։  

«2020թ․-ից հետո կարծես հիշողությունս կորցրել էի ու շատ բաներ չէի հիշում Շուշիի ու Հադրութի մասին ու չէի ուզում, որ այնպիսի բան լինի, որ Արցախն ամբողջությամբ կորցնենք ու չէի ուզում  Արցախի մասին մոռանալ։ Որոշեցի նկարել ոչ միայն այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս, այլև այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, ու աշխարհը  տեսնի, թե ինչի միջով են անցնում մարդիկ, օրինակ՝ ոնց են գնում 10 ժամ հացի հերթ կանգնում»։

Երկու տարի անց Նարեն որոշեց Արցախի ու արցախցիների մասին  լուսանկարները ներկայացնել ցուցահանդեսով։ Լուսանկարներից մեկում Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղի խաղաղ վիճակն է,  պարանի լվացքը, բակում՝ երեխաներ, իսկ մեկ այլ նկարում արդեն երևում է՝ նույն այդ լվացքն ինչպես են մեքենա տեղավորում ու հեռանում հայրենիքից։ Նարեի նկարներում սև ու սպիտակն է գերակշռում,  գունավոր է մի քանի լուսանկար։

«2020 թ․ —ից հետո կյանքի գույներն այդպիսին դարձան։ Իսկ գունավոր են հիմնականում այն նկարները, որոնք ուզում էի գույների մեջ հիշել։ Արցախից Երևան եկող ճանապարհը շատ էի սիրում, ու երբ դուրս էինք գալիս, աշուն էր ու շատ գեղեցիկ։ Չէի կարող սև ու սպիտակի մեջ թողնել, մտածեցի, որ ճիշտ կլինի այդ ամենը գույներով մատուցել»։

Հակարի կամուրջն անցնելիս ինքն էլ շատերի նման շոկային վիճակում էր, ու այդ պահերին էլ, որքան հնարավոր է, լուսանկարել է, բայց արդեն կամրջին մոտենալու պահին վախեցել ու ամբողջը ջնջել է։

44-օրյա պատերազմի օրերին Նարեն կամավորություն էր անում Արցախում։ Ամեն առավոտ 8-ին արթնանում էր ու գնում գյուղի մի ծայրից մյուսը՝ տարեց ու միայնակ մարդկանց հաց հասցնում։ Դա էլ լուսանկարել։ Իսկ 2023 թ․ արդեն Հայաստանում ազատամարտիկների ընտանիքների է այցելել ու նրանց պատմությունները վավերագրել։ Նարեն ասում է՝ իր վավերագրած պատմությունը շատերին պետք է հասցնի ու հենց լուսանկարների միջոցով աշխարհին պատմի այդ գողտրիկ և ուժ տվող հողի  մասին։

Կարդացեք նաև

Back to top button