
2025 թվականի մայիսի 6-8-ը, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում, Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը այցելել է Լատվիա՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը, հայտնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

Նշվում է, որ այցի նպատակն էր խթանել փորձի փոխանակումը և զարգացնել դատական համակարգի կարողությունները՝ որդեգրելով Լատվիայի հաջողված փորձը՝ դատարանների արդյունավետ կառավարման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին առաջին ատյանի դատարանի դատավորներ, Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ծրագրի թիմի անդամներ։



Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լատվիայի Դատարանների ադմինիստրացիայի և Դատական խորհրդի քարտուղարության ներկայացուցիչների հետ՝ ուսումնասիրելով հետևյալ ոլորտները․
- Դատարանների արդյունավետ կառավարման համակարգեր
- Կատարողականի ցուցիչների և գործերի ծանրաբեռնվածության գնահատման մեթոդների կիրառում
- Թվայնացման գործընթացներ, ներառյալ էլեկտրոնային գործերի համակարգ
- Արհեստական բանականության կիրառում՝ դատական կառավարման մեջ
- Տվյալների վրա հիմնված որոշումների կայացում՝ վիճակագրական վերլուծության միջոցով
- Հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցության ռազմավարություններ:
Պատվիրակությունը նաև հանդիպումներ է ունեցել Ռիգայի մարզային դատարանի և Յուրմալայի դատարանի դատավորների հետ՝ քննարկելով գործերի բաշխման և դատարանների կառավարման արդյունավետ համակարգերը։ Այցի շրջանակում պատվիրակությունը շրջել է դատական հաստատություններով՝ ստանալով ամբողջական պատկեր Լատվիայի դատական համակարգի գործունեության վերաբերյալ։
«Այս փորձի փոխանակումը ընդգծում է միջազգային համագործակցության կարևորությունը՝ դատական բարեփոխումների առաջխաղացման և տեխնոլոգիական նորարարությունների ներդրման գործում, որոնք նպաստում են դատարանների արդյունավետության և թափանցիկության բարելավմանը»,– ասված է հաղորդագրությունում։




