
Նորմերը գերազանցող ու մտահոգիչ՝ այո, անոմալ՝ ոչ․ մասնագետների գնահատումն է՝ հանրապետությունում նախօրեին արձանագրված քամու ու խիտ փոշու մասով։ Քամին զգալի վնասներ է հասցրել Երևանին՝ քաղաքը նաև պատելով փոշու ամպով։ Արմավիրի և Կոտայքի մի շարք հասցեներում էլ հոսանքի անջատումներ են եղել։ Որոշ տեղերում անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Եղանակային այս պայմանները խառնել են նաև օդային թռիչքների գրաֆիկը։
Բարեբախտաբար, երկրաշարժ չէր, բայց ոչ պակաս վախենալու էր պտտահողմը, որի բարձրացրած փոշով պատվել էր ողջ քաղաքը։ Տիկին Աննան ասում է ՝պարանին փռած լվացքի «ճակատագիրն» անհայտ է։ Քամին պոկել տարել է։
Քամին նախօրեին իրեն Երևանում տեր ու տիրական էր զգում։ Դրա արագությունը գերազանցել է 20 մ/վ-ը։ Քաղաքում փոշին այնպիսի մառախուղ է առաջացրել, որ մասնագետներն առանձին դիտարկումների կարիք են տեսել և ուսումնասիրություններով գնահատել, որ փոշու ցուցանիշն ամենաբարձրը եղել է Կենտրոն վարչական շրջանում։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ասում է, որ հինգ ուղղությամբ ուսումնասիրություն են իրականացրել։
«Մայիսի 10-ի դիտված ցուցանիշից Կենտրոն վարչական շրջանում փոշու ցուցանիշը բարձր է եղել 6 անգամ։ Դա պայմանավորված է եղել ամպրոպով։ Ջերմաստիճանային վիճակը բերեց քամու առաջացման ոը փոշու, ինչը շատ բնորոշ է»։
Քամին ու փոշին նախօրեին խառնել են նաև օդային թռիչքների գրաֆիկը։ Ուժեղ քամու հետևանքով Շարժայից Հայաստան եկող ինքնաթիռը տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Թավրիզում, այնուհետև միայն հասել «Զվարթնոց» օդակայան։ Չեղարկվել են Հալեպից եւ Կապանից եկող չվերթերը։ Ավերածությունների պակաս էլ չի զգացվել՝ 57 արտակարգ դեպք է գրանցվել, որից 44-ը՝ Երևանում։
ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկանում ենք, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր։ Որոշ տեղերում անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Արմավիրի և Կոտայքի մի շարք հասցեներում էլ հոսանքի անջատումներ են եղել։ Քամին մեծ վնաս է հասցրել նաև Երևանին՝ այն պատելով փոշու ամպով։ Մեջբերում․
«Փրկարարներն իրականացրել են տանիքների, մասնավորապես, Երևան քաղաքի Հերացու փողոցում կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար, ծխատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ» :
Եւ՝ տեղեկություն գլխավոր օդերևութաբանից Գագիկ Սուրենյանից՝
«Մայիսի 13-ից հետ ենք գնում մարտ, 17-ից՝ վերադառնում մայիս»։




