ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Իրական Հայաստան»․ ի՞նչ չանել, որ այդ թեզն ընկալելի լինի միջազգային հանրության համար

ՀՀ վարչապետի հեղինակած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը զարգանում է, և նոր շերտեր են ի հայտ գալիս՝ ասել է վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում։ Փոփոխությունները ձևավորվում են ՀՀ տարբեր մարզերում քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում՝ ասել է վարչապետը՝ դեռ չմասնավորեցնելով, թե ինչ նոր շերտերի մասին է խոսքը։ Ըստ վարչապետի՝ մինչև հունիս ամեն շաբաթ արդեն նշանակված հանդիպումներ ունի տարբեր բնակավայրերում, որտեղ բնակչության հետ շփումների զգալի մասը հատկացվում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։
Այս տարվա փետրվարի 19-ին հրապարակված նոր գաղափարախոսության նախագիծն ի սկզբանե բաղկացած է եղել 14 կետից։

Խորհրդարանական մեծամասնությունը փոփոխություն է զգացել խորհրդարանական ընդդիմության վարքում և ենթադրում է, որ փոխվել է նաև օրակարգը։
Ընդդիմադիրների բարձրացրած խնդիրների, նաև՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում միասնական դիրքորոշման բացակայությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանում է յուրովի․

«Անկեղծ, խիստ ողջունում եմ, որ մեր ընդդիմադիր թևն ԱԺ-ում լիովին ընդունել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Կատարելապես։ Մեր ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին։ Այնպես որ, «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայաստանում մի քանի ամսում տոտալ հաղթանակ տարավ, ու մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»։

«Իրական Հայաստան» ձևակերպումը շրջանառության մեջ դրվեց փետրվարի 19-ին, երբ վարչապետ  Փաշինյանը հրապարակեց իր նախագիծը, որը բաղկացած է 14 կետից և սկսվում է հետևյալ սահմանմամբ․ «Իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով»: Վարչապետն ասում է՝ առաջիկա շաբաթներին հանրապետության տարբեր բնակավայրերում ծրագրված հանդիպումների առանցքում նաև «Իրական Հայաստանի» մասին քննարկումներն են․

«Շատ հետաքրքիր է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն այս հանդիպումների ընթացքում զարգանում է, նոր շերտեր են ի հայտ գալիս, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, և, իմ ընկալմամբ, այդ գաղափարախոսությունն այդ հանդիպումների արդյունքում ուժեղանում է ակնհայտորեն , ծավալվում և ըմբռնում ստանում մարդկանց շրջանում, ինչն ինձ համար էներգիայի շատ մեծ աղբյուր է»։

Քանի որ այդ գաղափարախոսությունը կապված է խաղաղության օրակարգի հետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը թեման քննարկելն օգտակար է համարում։

«Իրադարձությունների զարգացմանը զուգահեռ ՝երբեմն պետք է մեկ քայլ հետ անել ու փորձել հասկանալ, թե առնվազն Երևանում ի՞նչ են պատկերացնում․ մենք ուր ենք գնում և ինչու ենք գնում»։

Այս հարցի պատասխանն իր տարեկան հաշվետվության ժամանակ ԱԺ-ում տվել էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հստակեցելով, որ ապագայի համար ապրելը կամ անցյալի համար զենք վերցնելն ու զոհվելն ընտրության հարց է։ Հայաստանի արտգործնախարարը խնդրի մասին խոսելիս վկայակոչել էր եվրոպական երկրներից մեկի նախկին արտգործնախարարի հետ զրույցից մի հատված՝ ցույց տալու, որ առաջին ազգը և պետությունը չենք, որ բախվել է նման խնդրի։

«Բացեց իրենց երկրի պատմական, հիմա անունը չտամ, «իքսաստանի» քարտեզը և ասաց՝ սա մերն է, սա մերն, սա մերն է։ Ընդ որում, շատ ավելի ուշ շրջանի քարտեզը, մոտավորապես, 17-18 –րդ դարերում։ Մենք խոսում ենք Մեծ Հայքի մասին, որն առնվազն 1045–ից էր։ Հետո, ասում է, երբ իրենք անկախացան, ազգի մեջ քննարկումներ սկսվեցին այն մասին, թե ինչպես պետք է դրսևորեն իրենց այս հարցերում։ Եւ պետք է ընտրեին՝ երկիրն այն է, ինչ այս վերջին փուլու՞մ է՝ ճանաչված, թե՞ պետք է գնան հողերի հետևից։ Ասում է՝ մենք ընտրեցինք սա, այսինքն՝ «իրական իքսաստանը», եթե կարող ենք այդ անալոգիան անել։ Հետո, ասում է, նայեք, այն, ինչ ասում էր, գրեթե բոլոր եվրոպական երկրներին է հատուկ․ «Դուք խոսում եք Մեծ Հայքի մասին, ես կարծում եմ, որ, ցավոք, Մեծ Հայքը վերականգնելի չէ»։

Հարցն այլ կողմից է դիտարկում ՀՀ վարչապետը։ Ընդ որում՝ առավել վիճահարույց կողմից։ Շաբաթներ առաջ ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց․

«Էլի եմ ասել, միջազգային գործընկերներ կան, մարդիկ կան, որոնց երբ հաջորդ անգամ տեսնեմ, ավելի կոպիտ եմ ասելու։ Ասելու եմ՝ դուք մի քանի հարյուր ձայն ավելի ստանալու համար ուղղակի մանիպուլացնում եք և արհամարհական վերաբերմունք եք ցուցաբերում մեր պետական շահերի նկատմամբ։ Ես ասելու եմ իրենց»։

Ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը՝ անուններ այդպես էլ չեն հնչել, ինչպես հայտնի չէ, թե արդյոք խոստացված կոշտ զրույցը տեղի՞ է ունեցել, թե ոչ։

Փոխարենը, կոշտ զրույցների պակաս չկա Հայաստանի ԱԺ-ում։ Սա հատկապես երևաց նախորդ շաբաթ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամին և վարչապետի արտահայտած դժգոհություններից ու գնահատականներից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը վարչապետի խոսքում վիրավորական արտահայտություններ չի նկատել, բայց ընդդիմադիրների կողմից խորհրդարանական մեծամասնության հասցեին հատկապես մի արտահայտություն խիստ դատապարտելի է համարում․

«Ինձ համար ընդունելի չէ, երբ պատգամավորին ասում են «հայրենիք հանձնող»։ Դա ինձ համար ամենամեծ վիրավորանքն է»։

Իշխանական պատգամավորն ասում է, որ ամեն վայրկյան ամեն ջանք գործադրում են խաղաղության օրակարգի շրջանակներում լավ նորությունների հասնելու համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ թարմացվող նախապայմաններին, ինչպես նաև սահմանին իրավիճակը լարելուն, ապա Հակոբյանը հակադարձում է․

«Եթե կային պայմաններ, որոնք պետք էին խաղաղության համաձայնագիրն ունենալու համար, դրանք պետք է ներառված լինեին փաստաթղթում։ Բայց ես հավաստիացնում եմ, որ նման նախապայման–դրույթներ չկան խաղաղության համաձայնագրում։ Եւ՝ սահմանային կրակոցների մասին․ բանն այն է, որ խաղաղության համաձայնագրի վերջին նամակից հետո դա անակնկալ է եղել Ադրբեջանի իշխանությունների համար, և Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Հայաստանից ստանալ ագրեսորի կերպար և դիրքավորվել իբրև խաղաղասեր միջազգային հանրության առաջ։ Զինվորը հրաման ունի խաղաղ իրավիճակում որևէ ուղղությամբ չկրակել։ Եւ քանի որ չկային դրա հետ կապված փաստեր, Ադրբեջանը սկսեց անկանոն կրակել, հետո այդ կրակոցները երբեմն դեպի Հայաստան էին ուղղվում, ինչը քննադատվում է մեր կողմից, սակայն սրան արձագանքելու պատասխան կրակոցը նշանակում է քարտ տալ Ադրբեջանի ձեռքը, որպեսզի կարողանա Հայաստանի համար ագրեսորի և ոչ խաղաղասերի կերպար ստեղծել»։

Թեև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում բանակցային իրավիճակի փոփոխություն այս պահին չկա, բայց պաշտոնական Երևանը հուսով է, որ շատ շուտով դրական նորություններ կլինեն։

Խաղաղության հասնելու ուղղությամբ տարբեր երկրների հետ աշխատելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։ X սոցցանցում նա գրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակ ընդգծել են իրենց նպատակը՝ այն է՝ նպաստել խաղաղության հաստատմանը՝ լինի դա Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև։

Կարդացեք նաև

Back to top button