
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Սարգսյանն անդրադարձել է զորակոչի խնդիրներին՝ նշելով, որ զորակոչի ենթակա երիտասարդների միայն 30-40 տոկոսն է փաստացի անցնում պարտադիր զինվորական ծառայություն։
Նրա խոսքով՝ մնացածներն ազատվում են տարբեր պատճառներով, այդ թվում՝ առողջական խնդիրների, ուսման կամ արտերկրում գտնվելու հիմքով։ Սարգսյանը նաև շեշտել է, որ սա լուրջ մարտահրավեր է երկրի պաշտպանունակության համար և անհրաժեշտ է համակարգային փոփոխություններ։
«Ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Միայն 2020-2024 թվականների ընթացքում 8721 արական սեռի ՀՀ քաղաքացի մինչև 18 տարեկանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։
Երկրորդ՝ մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում։ 37 տարին դա վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010-2024 թվականներին քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով՝ զորակոչից խուսափելու դեպքերով հարուցված շուրջ 2500 գործ կարճվել է հենց վաղեմության հիմքով»,- ասել է Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների և տարեկետում ստացողների ավելի քան 80 տոկոսը համապատասխան տեղեկանքներ են ներկայացրել առողջական խնդիրների հիմքով։




