ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վրաստանը չի ցանկանում կորցնել իր քաղաքացիներին

Վրաստանը շահագրգռված չէ կորցնելու իր երկրի քաղաքացիներին։ Այսպես են Թբիլիսիում արձագանքում վիճակագրական վերջին տվյալներին, ըստ որոնց, անցյալ տարի այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով 1600 մարդ է զրկվել Վրաստանի քաղաքացիությունից։

Նշենք, որ նրանցից շուրջ վեց տասնյակը զրկվել են հայկական անձնագիր ստանալու պատճառով։

Որո՞նք են Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու պատճառները և ինչպե՞ս կարելի է վերականգնել այն։

Ամեն տարի հազարավոր վրաստանցիներ, այդ թվում ազգությամբ բազմաթիվ հայեր են զրկվում Վրաստանի քաղաքացիությունից՝ այլ երկրի անձնագիր ունենալու պատճառով։

Սահմանադրության փոփոխություններով (2017) Վրաստանի քաղաքացուն թույլատրվում է ունենալ այլ պետության քաղաքացիություն, սակայն պետք է համապատասխան ընթացակարգով անցնել։

«Մինասյան իրավաբանական ընկերության» հիմնադիր ղեկավար, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, փաստաբան Անդրանիկ Մինասյանը Հանրային Ռադիոյի հետ զրույցում ընդգծում է՝ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու հիմքերը սահմանված են «Վրաստանի Քաղաքացիության մասին» օրենքով։ Հիմքերից մեկն այն է, երբ անձը այլ երկրի քաղաքացիություն է ստանում առանց Վրաստանի համաձայնության․  

«Այլ երկրի քաղաքացիություն ստանալու ցանկության դեպքում անձը, օրինակ վիրահայ քաղաքացին ՀՀ քաղաքացիության ստանալու համար պետք է դիմի ՀՀ-ին, այնուհետև այդ մասին տեղեկանքով և վրացականը պահպանելու խնդրանքով՝ Վրաստանին։  Այդ դեպքում, եթե Վրաստանը որոշի, որ տվյալ անձի կապը Վրաստանի հետ վստահելի է և հուսալի, համաձայնություն կտա այլ երկրի քաղաքացիության»։ 

Սա է Վրաստանում օրինապես երկքաղաքացիություն ունենալու կարգերից մեկը։

Հատկանշական է, որ քաղաքացիությունից զրկվողների մեջ քիչ չեն վիրահայ այն քաղաքացիները, ովքեր ժամանակին վերցրել են հայկական անձնագիր՝ մուտքի հեշտացված կարգով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար: Անցյալ տարի, ի դեպ Մոսկվան պարզեցրել է ՌԴ մուտքը նաև Վրաստանի քաղաքացիների համար։

Այսօր Վրաստանի քաղաքացիությունից մասսայաբար զրկվելու մասին խոսք չկա, մեզ հետ զրույցում վստահեցնում է Սամցխե Ջավախեթիից իշխող «Վրացական երազանք»-ը ներկայացնող պատգամավոր Սմբատ Կյուրեղյանը․

«Վրաստանի քաղաքացիությունից մասսայաբար զրկվելու մասին խոսք չկա, նույնիսկ որոշ դեպքերում աչք են փակում, որ մարդիկ չզրկվեն քաղաքացիությունից։ Այսինքն այս օրենքն ինչ որ կերպ հակասում է մեր պետական շահերին․ պարզապես մենք կորցնում ենք մեր քաղաքացիներին»։

Ասում է Կյուրեղյանը՝ նշելով, որ վիրահայերի երկքաղաքացիության հարցին որևէ կերպ լուծում տալու մասին իր նախընտրական խոստումը իրականություն չի կարող դառնալ, քանի որ իր կուսակցությունն այս անգամ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ստացել։

«Կա մեծ ցանկություն, սակայն քվեի պակաս ունենք։ Կարծում եմ այս հարցը ցավոտ հարց է։ Պետության բարձրաստիճան այրերը ևս շահագրգռված են խնդրի լուծմամբ։ Բայց հիշեցնեմ, որ նախագահն ունի քաղաքացիություն շնորհելու իրավասություն․ շատերն են դիմել ու ստացել։ Սա մեծ խնդիր չէ, պետք է վրացերեն սովորել»։

Անցյալ տարի այլ երկրի քաղաքացիություն ստանալու պատճառով շուրջ 1600 մարդ է զրկվել Վրաստանի քաղաքացիությունից, այդ թիվն ի դեպ 2023-ի համեմատ նվազել է։

Կորցնելով Վրաստանի քաղաքացիությունը, այս պահին հնարավորություն կա այն վերականգնելու` օգտվելով մինչև 2027-ի  հունվարի 1-ը խորհրդարանի տված ժամանակավոր իրավունքից։ 

Փաստաբան Մինասյանի խոսքով․ «Հաշվի առնելով փաստը, որ երկրում շատ անձինք կան նման կարգավիճակում, Վրաստանի խորհրդարանի որոշմամբ ժամանակավոր իրավունքից օգտվելու հնարավորություն է տրվել (դա վերաբերում է ոչ միայն Վրաստանի քաղաքացիությունը կորցրածների քաղաքացիությունը վերկանգնելուն, այլ նաև Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձանց քաղաքացիությունը պահպանելուն)։ Դա, անշուշտ, կարելի է մեկնաբանել որպես պետության կամքը, որպեսզի իր քաղաքացիները կամ նախկին քաղաքացիներն այլ երկրի քաղաքացիություն ստանալու հիմքով չկորցնեն Վրաստանի քաղաքացիությունը, կորցնելու դեպքում վերականգնեն համապատասխան պայմաններով»։ 

Մինասյանը խորհուրդ է տալիս օրենքի բոլոր ընթացակարգերով անցնել, մինչ այդ սովորելով նաև երկրի պետական լեզուն՝  երկքաղաքացիությունը օրինականացնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button