ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ Մայիսի 9-ի նոր ուղերձը՝ Երևանից աշխարհին

Ի հեճուկս ներքին և արտաքին սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի  լինելու, լինելու է խաղաղություն՝ Մայիսի 9-ի առիթով հղած շնորհավորական ուղերձում նշել է Հայաստանի վարչապետը։ Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, մոտեցումները վերանայելու ու աշխարհին նոր ուղերձներով ներկայանալու հնարավորություն է։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը՝ շեշտել է գործադիրի ղեկավարը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։

Մայիսի 9–ին Հայաստանում պաշտոնյաներն այլևս չեն խոսում եռատոնի մասին։ Երևանից աշխարհին հղվող ուղերձն արդեն այլ է։ Հայաստանի ռազմական գերատեսչության բարձրաստիճան ղեկավարներից պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը սահմանում է ոլորտի առաջնահերթությունը․

«Ես այս օրն ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության և համերաշխ ապրելու խորհրդանիշ։ Բոլորիս ցանկանում եմ, որ խոհեմ գտնվենք, և մոր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն տիրի»։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա առիթով ուղերձում  ՀՀ վարչապետն անդրադարձել է խաղաղության օրակարգին՝ նշելով, որ ի հեճուկս ներքին և արտաքին սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։

Ըստ վարչապետի՝ մայիսի 9–ին աշխարհը առերեսվում է նաև նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի և նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության և երջանկության հետ։ Ուղերձում վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ` ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով, ինչը հեշտ չէ, բայց պետք է լիարժեքորեն անցնել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է պատմության ուղերձներն ընթերցելու և ընկալելու կարողություն։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն, ըստ վարչապետ Փաշինյանի, դրա արդյունքն է։

Մեջբերում ուղերձից․ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է․ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու և այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը և պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Փաշինյանն ուղերձով ասում է՝ գնալու են այդ ճանապարհով։ Տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը, և այդպես էլ պետք է լինի։

Այս համոզմունքով է ՀՀ վարչապետը մեկնել ՌԴ՝ մյուս երկրների առաջնորդների հետ մասնակցելու մոսկովյան տոնական շքերթին։ Բայց մեկնելու միակ նպատակը դա չէր։  Այցի անհրաժեշտությունը վարչապետը բացատրեց խորհրդարանում Մոսկվա ուղևորվելուց առաջ․

«Մենք հրապարակայնորեն ասել ենք, որ բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների։ Առավել ևս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու, ՌԴ-ի հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու։ Միջոցառումը շատ կարևոր է նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց այդ հանդիպումներում քննարկվում են նաև հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր, և նման առիթները բաց թողնելը այնքան էլ ճիշտ չի լինի»։

Երկկողմ շփումների հիմնական հասցեատերերից մեկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, հրաժարվել է մեկնել Մոսկվա, թեև նախապես հաստատել էր մասնակցությունը։ Փոխարենը՝ ադրբեջանցի զինվորականներ են մասնակցել Մոսկվայի Հաղթանակի շքերթին։ «Հայաստանից զորախումբ Մոսկվա չի մեկնել․ գուցե՞ ՀԱՊԿ–ի հետ ունեցած խնդիրների պատճառով» հարցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանում է․

«Բայց դա հո ՀԱՊԿ–ի միջոցառումը չէ, ի՞նչ  կապ ունի։ Չգիտեմ։ Ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն և միայն հարգանքի տուրքով։ Մենք վետերաններ ունենք։ Մեր պատգամավորներից էլ է մարդ գնացել։ Մենք չենք կարող այդ մարդկանց արածը ուրանանք։ Այնպես չէ, որ ենթադրենք այլ շքերթ է կամ այլ տեղ ինչ–որ բան է եղել, հրավեր է եղել, մենք չենք գնացել։ Եվ կարծում եմ, վարչապետի մասնակցությունը, ներողություն այդ բառի համար, բոլ–բոլ է»։

Հաղթանակի շքերթին մասնակցել–չմասնակցելու հարցը քննարկելով՝ ռուսական լրատվամիջոցներն արդեն նշում են, թե Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Նման հայտարարություն իր հարցազրույցներում մասնավորապես արել է Ռուսաստանի պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Փոխարենը՝ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի Հաղթանակի զբոսայգում, խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին, ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի, որպես եղբայրական երկրի, որի հետ սերտորեն համագործակցում է և պատրաստ է ապագայում ևս խորացնելու հարաբերությունները, այդ թվում՝ այն գործընթացների շրջանակում, որոնք վերաբերում են ընդհանուր եվրասիական ինտեգրմանը։

Նա ընդգծել է, որ արդյունավետ փոխգործակցությունը վկայում են նաև վիճակագրական ցուցանիշները, և այդ փոխգործակցությունը, ըստ նրա, Եվրասիական գոտու երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, տալիս է զգալի առավելություններ։ Սերգեյ Կոպրիկինի խոսքով՝ պետք է սթափ նայել առկա իրողություններին, փոփոխվող աշխարհին և ադապտացնել հարաբերությունները նոր իրողություններին։ Բայց կարևորը երկուստեք  քաղաքական կամքն ու ցանկությունն է՝ պահպանելու հարաբերությունների խոր հիմքերը և առաջ գնալու՝ փոխադարձաբար հարգելով միմյանց անկախությունն ու կենսական շահերը։ Առավել ևս այն դեպքում, երբ կողմերը, ըստ Ռուսաստանի դեսպանի, ունեն ռազմավարական հետաքրքրություններ։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի կարծում, թե վարչապետի մոսկովյան այցը առիթ կտա մտածելու, թե հայկական կողմը մտադիր է Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումն արագացնելու համար որպես միջնորդ ներգրավել Ռուսաստանին, հատկապես երբ Մոսկվայից այդ առաջարկը եղել է։

«Իսկ Ռուսաստանը ո՞ւմ կողմից է լինելու։ Այդ հարցի պատասխանը երբ ունենաք, այդ հարցը կքննարկենք։ Իրենք միջնորդի դեր երկար ժամանակ ունեցել են։ Քանի որ վերջին շրջանում բանակցությունները հիմնականում երկկողմ են ընթանում և մենք տեսնում ենք բանակցություններում արդյունավետություն, այս պահին բանակցությունները հիմնականում ընթանում են երկկողմ։ Դրա մասին և՛ Երևանն է խոսել, և՛ Բաքուն»։

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, սակայն, բանակցային իրավիճակի փոփոխություն այս պահին չկա՝ փաստում է պաշտոնական Երևանը։

Պայմանագիրը ստորագրելու տեղի և ժամկետի քննարկման փոխարեն Երևանն ու Բաքուն նախօրեին փոխանակել են տեղեկություններ հրադադարի ռեժիմի խախտման փաստերի առնչությամբ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը։ Արմեն Գրիգորյանը մանրամասնել է, որ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն պատասխան։ Ադրբեջանն էլ իր տեղեկություններն է փոխանցել, իր գնահատմամբ, խախտումների վերաբերյալ։ «Հայաստանը հետաքննություն է կատարել, ընդհանուր առմամբ պարզվել է, որ խախտումներ չեն եղել»,– հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։  

Կարդացեք նաև

Back to top button