
Արմավիրի մարզի Արագած գյուղում է ապրում «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Մեխակ Մեխակյանի ընտանիքը: Մայիսը հերոսի ծննդյան ու հիշատակի ամիսն է: Չորս երեխաների հայրը Արցախյան ազատագրական պայքարի ակունքներում էր կանգնած: Շարժման առաջին օրերից նա կամավոր մեկնել էր Արցախ, իսկ 1994թ մայիսի 1-ին անմահացել Թալիշի բարձունքներում, որը հետագայում կոչվել է նրա անունով՝ Մեխակասար:
Մեխակ Մեխակյանը մանկավարժական կրթություն ստանալուց հետո աշխատանքի էր անցել հայրենի գյուղի դպրոցում, պատմության ուսուցիչ էր, մասնակցում էր նաև հնագիտական արշավների: Արցախի ազատագրմանը մասնակցելու համար թողել էր գյուղի դպրոցն ու տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Որոշել էր հայրենասիրության դասեր տալ նաև արցախցի երեխաներին՝ ասում է հերոսի կինը՝ Մարինե Մեխակյանը.

«Շարժման ժամանակ շարունակ ցույցերի էր մասնակցում, իսկ երբ պատերազմական գործողություններ սկսվեցին, շատ անհանգիստ վիճակում էր և իրեն արդեն այստեղ պահել չէր լինում: Գրանցումից դուրս եկավ ու գնաց Ակնաղբյուր գյուղում գրանցվեց, որպես Ղարաբաղի բնակիչ»:
Ասում են՝ մի ձեռքում զենքն էր պահում, մյուսում՝ գիրքը: Ամեն ինչ անում էր, որ Հադրութի Ձորակի գյուղերի երեխաներն անուսում չմնան: Նռանիի մանկական հուշերում տպավորվել են գրքերի կապոցները, որոնք հայրը հավաքում ու տեղափոխում էր Արցախ: Նռանին Մեխակ Մեխակյանի ավագ դուստրն է:

«Նա դասավանդում էր Հադրութի շրջանի Ձորակի գյուղերում և չթողեց, որ կռվի ժամանակ այդ դպրոցները փակվեին: Ասում էր՝ գոնե Հայոց լեզու, Գրականություն ու Պատմություն պետք է իրենք սովորեն: Հայրս Հայաստանից գրքեր էր տանում Արցախ ու այդ առարկաները հենց ինքն էլ դասավանդում էր: Ցերեկը գնում էր դպրոց, դասավանդում էր, դրանից հետո գնում էր մարտի դաշտ»:
Նռանին 4-5 տարեկան էր, երբ հայրը մեկնեց Արցախ: Երեխաները նրան տանը քիչ են տեսել, կարճ ժամանակով էր գալիս:
«Երբ ինքը տուն էր վերադառնում, մեզ համար դա տոն էր, ավելի շատ լինում էր Արցախում: Տնից աննկատ էլ գնում էր, երբեք մեզնից ոչ մեկը չէր իմանում այդ մասին: Առավոտյան արթնանում էինք, տեսնում՝ հայրիկը չկա, արդեն հասկանում էինք, որ ինքն Արցախ է մեկնել»:
Տանը եղած ժամանակ էլ օրը հագեցնում էր երեխաների մեջ հայրենասիրություն սերմանելով: Արգիշտին մեծացել է հոր մասին տարբեր պատմություններ լսելով, իսկ նրա հետ անցկացրած օրերը կարճ էին, հուշերն՝ աղոտ:

«Ես, անկեղծ ասած, իրեն տանը երկար չեմ հիշում, միշտ դրվագային է եղել․ կամ՝ վերադառնալը, կամ՝ մեկնելը: Երբ տանն էր լինում ու իր գործերով դուրս էր գալիս, ինձ հաճախ էր իր հետ տանում: Տարիքային առումով, երբ մի փոքր մեծ էի, նոր էի դպրոց հաճախում՝ չեմ հիշում, որովհետև այդ ժամանակ Արցախում թեժ մարտեր էին ընթանում և ինքը, գրեթե, տանը չէր լինում: Միայն վիրավոր ժամանակ է տանը եղել, իսկ երբ արդեն կարողանում էր ոտքի վրա կանգնել՝ ուղղակի մեկնում էր»:

Այն հազվադեպ օրերը, որոնք կարողանում էր տրամադրել երեխաներին, հայրենասիրական երգեր սովորեցնելով էր հարստացնում: Նռանին հոր հանձնարարությունները մեծ պատասխանատվությամբ էր կատարում:
«Հայրս ինձ հայրենասիրական երգեր էր սովորեցրել ու հետո հանձնարարում էր՝ ամեն անգամ, երբ գամ, նորն ես սովորելու: Դեռ դպրոց չէի գնում, բայց հանձնարարում էր՝ «Թմբկաբերդի առումը», «Փարվանան», Չարենցի պոեմներից հատվածներ սովորեի: Դա տնային աշխատանք էր ինձ համար. նոր երգ ու նոր բանաստեղծություն սովորել»:
Մեխակին նույնիսկ չորս մանկահասակ երեխաները հետ չեն պահել Արցախ մեկնելուց: Հայրենիքի փրկության գաղափարը նրա գիտակցության մեջ էր, որից հրաժարվելը համարում էր սրբապղծություն՝ ասում է հայրը՝ Վալենտին Մեխակյանը.

«Որովհետև իր կամքին հակառակ գնալը, իր որոշումներին հակառակ գնալը կլիներ դավաճանություն իրեն: Ինքը նվիրված էր էդ գործին, գաղափարի մարդ էր, նրան հետ կանգնեցնելն անընդունելի բան էր: Ասում էր՝ ես գնում եմ կռվելու, որ այստեղ, իմ որդիների մոտ արկ չպայթի»:
Տան հոգսերը մնացել էին կնոջ ու ծնողների ուսերին: Մարինեն պատմում է, որ պատերազմի ծանր օրերին ամուսինը Արցախում մտերմացել էր10 երեխա ունեցող բազմազավակ մի ընտանիքի հետ: Նրանց հոգսը կիսելու համար երբեմն նրանց երեխաներին էր բերել իրենց տուն ու թողել կնոջ խնամքին:
«Առաջին անգամ, որ եկավ, առաջին կամ երկրորդ դասարանի փոքր մի աղջիկ բերեց իր հետ: Առաջին պահին մտածեցինք՝ երևի ծնողներ չունի, բայց պարզվեց, որ այդ ընտանիքի երեխաներից մեկին էր բերել: Եվ այդպես, ժամանակ առ ժամանակ բերում էր՝ 4 երեխա, 3 երեխա: Ես ունեի 4 երեխա, 4-ն էլ ինքն էր բերում: Այդպես ապրում էինք, իսկ այդ ընթացքում ինքը տանը չէր, Ղարաբաղում էր»:
Մեխակ Մեխակյանի մարտական ուղին սկսվել է Հադրութից, հասել Մարտակերտ․․․ 1994թ մայիսի 1-ին Թալիշի բարձունքներն ազատագրելիս էլ զոհվել է: Ամեն տարի մայիսի 8-ին նրա հարազատներն ու ընկերները գյուղի հուշարձանին ծաղիկներ են խոնարհում զոհված երկրապահ կամավորականների հիշատակին:




