ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մութ գործարքների «լուսավորված» թվերը․ դատախազն ԱԺ-ում ներկայացրել է ապօրինի ծագման գույքի բռնագանձման տվյալները

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանին է ներկայացրել դատախազության 2024 թվականի զեկույցը, որն ընդգրկում է հանցավորության դեմ պայքարի, պետությանն ու համայնքներին պատճառված վնասի վերականգնման, ապօրինի ծագման գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության ուղղություններով  արդյունքները և խնդիրները։

Ըստ զեկույցի՝ միայն 2024-ին պետության և համայնքների օգտին վերականգնվել է շուրջ 42 միլիարդ դրամի վնաս, իսկ դատարան է ներկայացվել ապօրինի ծագման գույքի բռնագանձման 44 հայց՝ մոտ 97 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Ի դեպ, 2018-2024 թվականներին բռնագանձված և վերադարձված գույքի ընդհանուր արժեքը գերազանցում է 210 միլիարդ դրամը։ Զեկույցում ներկայացված են նաև քրեական վարույթների տվյալներ, որոնցով 2023-ի համեմատ 2024-ին նկատվել զգալի աճ։

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով հայցերի թիվը զգալիորեն ավելացել է։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2024-ին շարունակվել են ուսումնասիրությունները։

«Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 435 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 328 իրավախախտում։ Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և համայնքային գույքի պահպանության, օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտները»։

2024 թ.-ին դատական ակտերով ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2.7 մլրդ կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ։

Աննա Վարդապետյան․ «2024 թվականին դատախազական ակտերի հիման վրա պետությանը և համայնքներին են վերադարձվել մի շարք գույքեր, որոնց ընդհանուր շուկայական արժեքը 107.3 մլն դրամ է»։

Դատարան է ներկայացվել 44 հայցադիմում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով։  

«Դատարանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 96 մլրդ 961 մլն 344 հազար դրամ։ Բռնագանձման է ենթակա նաև 346 անշարժ, 71 շարժական գույք, ինչպես նաև 85 իրավաբանական անձի մասնակցություն»։

2021ից ի վեր Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է շուրջ 150 հայցադիմում, որոնցով արգելանք է դրվել արդեն 1496 անշարժ, 288 շարժական գույքի նկատմամբ։ Աննա Վարդապետյանի հաղորդմամբ՝ ապօրինի ծագման գույք բռնագանձվել է նաև հաշտության համաձայնություններով։

«Կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցից մեկով պետությանը փոխանցվել է Երևանում գտնվող մեկ անշարժ գույք՝ շուկայական մոտ 2 միլիարդ դրամի արժեքով։ Մյուս երեք համաձայնություններով ևս պետք է փոխանցվի շուրջ 859 միլիոն դրամ, որից արդեն ստացվել է 515 միլիոն դրամը»։

Ի՞նչ կա «Անիֆ»-ի գործով. դա քաղաքական շահարկումների մեծ տեղ է տալիս՝ գլխավոր դատախազից հետաքրքրվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  

«Մեր ընդդիմադիր գործընկերները հաճախ հենց հղում են անում դրան և տպավորություն ստեղծում, որ իշխանությունը փորձում կամ փորձել է  այդ գործը ինչ-որ ձևով ծածկադմփոց անել»։

Հանրային հնչեղություն ունեցող հարցին անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ ակտիվ նախաքննության փուլում է գործը և որ առաջիկայում՝ շատ կարճ ժամանակ անց, նաև քրեական հետապնդման հնարավորությունները չեն բացառվում։

«Մի քանի դրվագներով և մի քանի անձանց վերաբերյալ և առաջիկայում կարծում եմ, որ մենք պատրաստ կլինենք արդեն հանրությանը ներկայացնել, թե ինչ արդյունքներ ունենք։ Իսկ մենք հանրությանը, հիշեցնեմ, ներկայացնում ենք, երբ  գործն արդեն ուղարկում ենք դատարան։ Այսինքն՝ դատական հեռանկար ենք տեսնում վարույթով»։  

Այլ մանրամասներ Վարդապետյանը գերադասեց այս փուլում չփոխանցեց՝ քննության չվնասելու նպատակով, սակայն վստահեցրեց, որ առաջիկայում գործի հետ կապված մանրամասները կհրապարակեն։   

Կարդացեք նաև

Back to top button