
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծվող նոր՝ Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկմանը նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպմանը:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու իր կառուցողական ներգրավվածությունը հանձնաժողովի աշխատանքներում:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մերօրյա փոխկապակցված համաշխարհային տնտեսության պայմաններում ներդրումային վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմների կարևորությունը՝ զարգացող և քիչ զարգացած երկրների համար ինստիտուցիոնալ կարողությունների խթանման, ներդրումային հոսքերի և կայուն տնտեսության ապահովման, ինչպես նաև ազգային զարգացման նպատակների կյանքի կոչման համատեքստում:
Անդրադառնալով Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոնի գործարկման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կենտրոնը կամ դրա տարածաշրջանային գրասենյակը հյուրընկալելու առնչությամբ՝ աջակցելով ներդրումային վեճերի կարգավորմանն ուղղված արդար, ներառական և թափանցիկ մեխանիզմի ստեղծման նախաձեռնությանը:




