Սիքստինյան կապելլայում այսօր ժամը 16։30-ին (Երեւանի ժամանակով 18։30-ին) կհավաքվի կոնկլավը Կաթոլիկ եկեղեցու 267-րդ քահանայապետի ընտրության համար, հայտնում է Վատիկանի ռադիոն։
Այդ ժամին քրիստոնեական հիմների երգեցողության ներքո կարդինալները կմտնեն Սիքստինյան կապելլա և երդում կտան։ «Extra Omnes/Բոլորը դուրս» արտահայտությունից հետո, բացի ընտրելու իրավունք ունեցող կարդինալներից, բոլորը դուրս կգան կապելլայից։
Ընտրության իրավունք ունեն մինչեւ 80 տարեկան 133 կարդինալ։ Ընտրության ողջ ընթացքին նրանք կապ չեն ունենա արտաքին աշխարհի հետ, իսկ նոր պապի ընտրության մասին աշխարհը կիմանա Սիքստինյան կապելլայի տանիքից դուրս եկող սպիտակ ծխից։
Վատիկանում Կոնկլավը լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 5300 լրագրող։




