
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին և հութիների կողմից վերահսկվող այլ օբյեկտների, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
AFP-ն, մեջբերելով Սանայի օդանավակայանի ներկայացուցչին, հայտնել է, որ հարձակման հետևանքով այն ամբողջությամբ ավերվել է։
«Yemenia Airlines-ին պատկանող յոթ ինքնաթիռներից երեքը ոչնչացվել են Սանայի օդանավակայանում, իսկ Սանայի միջազգային օդանավակայանն ամբողջովին ավերվել է», — ասել է նա։
Իսրայելի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ «կործանիչները Սանայի օդանավակայանում հարվածել և ոչնչացրել են հութիների ահաբեկչական ենթակառուցվածքները», նաև ռմբակոծվել է մայրաքաղաքի տարածքում գտնվող «մի քանի էլեկտրակայան»։
Մայիսի 6-ի հարվածներից կարճ ժամանակ առաջ իսրայելական զինվորականները կոչ էին արել Եմենի խաղաղ բնակիչներին անհապաղ լքել օդանավակայանը և հեռու մնալ այդ տարածքից։
Իսրայելը վերջին անգամ հութիների դեմ ռազմական գործողություններ էր ձեռնարկել երեք ամիս առաջ, սակայն վերսկսել է դրանք այս շաբաթ՝ ի պատասխան Իսրայելի տարածքի վրա բալիստիկ հրթիռային մի շարք հարձակումների։ Հրթիռներից մեկը կիրակի օրն ընկել էր Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտակայքում։




