ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԵՄ-ն դադարեցնում է «ոսկե անձնագրերի» ծրագիրը․ հերթը «ոսկե վիզաներինն» է

ԵՄ երկրներից վերջինը՝ Մալթան ևս դադարեցնում է «ոսկե անձնագրերի» տրամադրումը օտարերկրացիներին, որը կատարվում էր ներդրումների և որոշակի գումարի դիմաց։ Երկրի քաղհասարակությունը ուրախ է այդ որոշման համար․ ակտիվիստները տարիներ շարունակ բողոքում էին «ոսկե անձնագրերի» դեմ։ Առջևում նաև «ոսկե վիզաների» տրամադրման արգելքն է՝ պնդում են ակտիվիստները։ ԵՄ–ն պատրաստվում է հրաժարվելու նաև ռուսական գազից, սակայն այլընտրանքի բացակայության պատճառով առայժմ դա չի հաջողվում իրականացնել ամբողջությամբ։

Մալթայում ակտիվիստները ողջունել են Եվրոպական դատարանի որոշումը, որով դադարեցվում է ներդրումների դիմաց՝ Մալթայի քաղաքացիություն և անձնագիր ստանալու ծրագիրը։ Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանը որոշել է․

«Պետությունը չպետք է իր քաղաքացիությունը, առավել ևս ԵՄ երկրի քաղաքացիությունը տրամադրի ​​վճարումների կամ ներդրումների դիմաց, քանի որ այդպիսով  քաղաքացիության ձեռքբերումը, ըստ էության, դառնում է առևտրային պարզ գործարք»։

Այսպիսով, ավարտվում է ԵՄ-ի, այսպես կոչված, «ոսկե անձնագրերի» տրամադրման ծրագիրը նաև Մալթայում։ «Ոսկե անձնագրեր» արդեն չեն տրամադրում նաև ԵՄ մյուս երկրները։

Բուլղարիայում և Կիպրոսում  քաղաքացիություն շնորհող նման ծրագրերի կասեցումից հետո Մալթան ԵՄ վերջին երկիրն էր, որտեղ դեռ գործում էր «ոսկե անձնագրերի» ծրագիրը։ Օտարերկրացիները կարող էին Մալթայի քաղաքացի դառնալ՝ վճարելով, օրինակ, առնվազն 600.000 եվրո և գնելով առնվազն 700․000  եվրո արժողությամբ անշարժ գույք կամ վարձակալելով թանկարժեք բնակարան։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարիներ շարունակ պայքարում էին այս ծրագրի դեմ․ նրանք Մալթայի կառավարությունից  պահանջում էին դադարեցնել այն։

Ի վերջո, Եվրոպական դատարանը ապրիլի 29-ին բավարարել է քաղհասարակության հայցը և արգելել գումարի դիմաց քաղաքացիության տրամադրումը։

Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան, սակայն, հակադարձելով Եվրոպական դատարանի որոշմանը, ասում է, որ ծրագիրը Մալթային ավելի քան 1,5 միլիարդ եվրոյի օգուտ է տվել, բայց համակարգը կվերանայվի դատարանի որոշումից հետո։

«Մալթայի կառավարությունը հարգում է դատարանի որոշումները, սակայն այս պահին մանրամասն ուսումնասիրվում  են ներկայիս վճռի իրավական հետևանքները՝ հետագայում քաղաքացիություն տրամադրելու սկզբունքները որոշմանը համապատասխանեցնելու համար», — ասել է Մալթայի կառավարության ղեկավարը։

Մալթայում բնակվելու իրավունք տրվում է ոչ միայն «ոսկե անձնագրերով», այլև, այսպես կոչված, «ոսկե վիզաներով», որոնք կարելի է ստանալ դարձյալ ներդրումների կամ անշարժ գույք գնելու միջոցով։ Ըստ վիճակագրության՝ Մալթայի 10 «ոսկե վիզաներից» 9-ը շնորհվել են Չինաստանից ներդրողներին։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ներդրողների առնվազն կեսը չի օգտագործում իր «ոսկե վիզան» Մալթայում բնակվելու համար։

«Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կազմակերպության քաղաքականության մասնագետ Աննա Տերոնեն հույս ունի, որ «ոսկե անձնագրի» տրամադրման արգելքը կարող է տարածվել նաև «ոսկե վիզայի» ծրագրի վրա։

«Հաշվի առնելով ԵՄ անդամների միջև համերաշխության սկզբունքը և անվտանգությունն ապահովելու ցանկությունը՝ կարևոր է ջանքեր գործադրել՝ ԵՄ-ն պաշտպանելու կոռումպացված հարուստ մարդկանցից, որոնք իրենց կարողությունը կուտակել են կասկածելի միջոցներով»։

Այսքանով ԵՄ արգելքների ցանկը չի սահմանափակվում։

ԵՄ-ն ցանկանում է մինչև 2027 թվականի վերջն արգելել ռուսական գազի ներմուծումը։

Եվրահանձնաժողովը մտադիր է Ռուսաստանից բնական և հեղուկացված գազի մատակարարումների լիակատար արգելքի մասին հայտարարել հունիսին՝ գրում է Bloomberg-ը։  

Սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել արդեն այս տարվա վերջին, սակայն ռուսական գազի ներմուծման վերջնական արգելքի կոնկրետ ժամկետը կախված կլինի  այլ երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Կատարից և Կանադայից, ինչպես նաև աֆրիկյան երկրներից հեղուկացված գազի այլընտրանքային մատակարարումներ ապահովելու կարողությունից։ ԱՄՆ-ից և Կատարից մատակարարումների զգալի ծավալներ սպասվում են միայն 2027 թվականից՝ գրում է պարբերականը։

2022 թվականից՝ ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից ռուսական գազի մատակարարումները Եվրոպա կտրուկ կերպով նվազել են։  Սակայն Ռուսաստանը դեռևս մնում է բնական և հեղուկացված գազի գլխավոր մատակարարը՝ Թուրքիայով անցնող խողովակաշարի միջոցով։

Մինչև ռուս–ուկրաինական պատերազմը ռուսական գազի մատակարարման ծավալը Եվրոպայում  40% էր։ 2024 թվականին այն նվազել է մինչև 19%։

Կարդացեք նաև

Back to top button