
Հայաստանի ներքաղաքական կյանքի ակտիվացումը վկայող մի քանի ազդակ է եղել ԱԺ–ում։ Լիագումար նիստի օրակարգային հարցերից բացի՝ խորհրդարանն արձագանքել է քաղաքական ենթատեքստ ունեցող կամ ենթատեքստ ունենալու հնարավորություն ունեցող իրադարձություններին։ Այդպիսիք այսօր երեքն էին, որոնց պատգամավորներն անդրադարձել են թե՛ նիստերի դահլիճում, թե՛ դահլիճից դուրս։ Ընդ որում՝ հետաքրքրական է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող դեպքերը ոչ միայն երկրի ներսում են, այլև արտաքին հարթակներում։
Ինչպե՞ս է ընդդիմությունն արտաքին հարթակներում աշխատում Հայաստանի դեմ․ սոցցանցում այսպիսի գրառում էր արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա որոշել էր մանրամասները ներկայացնել ԱԺ ամբիոնից։ Ըստ իշխանական պատգամավորի՝ նման իրավիճակ է ստեղծվել անցած շաբաթ Իսպանիայի Վալենսիա քաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ։ Կառույցը բանաձև էր առաջարկել, որով պետք է արձանագրվեր ՀՀ առաջընթացը ժողովրդավարության, ԵՄ հետ հարաբերությունների մերձեցման և այլ ոլորտներում։ Մինչև պատմությունը շարունակելը անհրաժեշտ է իմանալ, որ ԵԺԿ–ն Հայաստանում երկու ասոցացված դիտորդ անդամ ունի՝ Հանրապետական և «Ժառանգություն» կուսակցությունները։ ԵԺԿ համաժողովին Հայաստանից մասնակցել են ՔՊ կուսակցության անդամներ Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը, Հանրապետական կուսակցությունից՝ Հայկ Մամիջանյանը և «Ժառանգություն» կուսակցությունից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Սարգիս Խանդանյանը պատմում է, թե ինչի համար է ամոթ զգացել Իսպանիայում։
«Մեր եվրոպացի գործընկերները տարակուսած մեզ մոտենում էին և ասում , որ ձեր հայ գործընկերները ուզում են, որ այս բանաձևը դուրս բերվի այս համաժողովի օրակարգից։ Այս բանաձևում հատկապես մեկ պարբերությունն ասում էր, որ Հայաստանը հեռատես քայլեր է կատարում դառնալու ավելի սուվերեն և ժողովրդավար երկիր, առանց անցյալից կախվածությունների, մասնավորապես, առանց Ռուսաստանից կախվածության։ Վստահ եմ, որ սա էր հատկապես անհանգստացնում հանրապետականներին, որովհետև այդ նույն օրերին Հանրապետական կուսակցության պատվիրակությունը մասնակցում էր «Եդինայա Ռոսիա» կոնգրեսին և խրոխտ ելույթներ էր ունենում։ Մենք, որպես քաղաքական հայտարարություններ անընդհատ ասում ենք, որ այս ուժերը պայքարում են ՀՀ ինքնիշխանության դեմ, և ականատես եղանք դրան գործողության մեջ՝ «in action», ինչպես է դա կատարվում նման հարթակներում և դա աննկատ չմնաց եվրոպացի քաղաքական գործիչների կողմից»։
Հայաստանին առնչվող ԵԺԿ բանաձևն ամեն դեպքում ընդունվել է։ Եթե իշխանությունն այն գնահատում է որպես դրական փաստաթուղթ, ընդդիմությունը այն արդեն քննադատել է։
Խորհրդարանում, սակայն, այս հարցը չէր առանցքային թեման։ Ներքաղաքական խմորումների այս փուլում արծարծվում է վարչապետի իմպիչմենտի հարցը։
ԱԺ 107 պատգամավորից 5–ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ողջ կազմը, արձագանքել են ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի՝ օրեր առաջ ուղարկած նամակին, և ստորագրություններով հաստատել են ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միանալու պատրաստակամությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարում է, որ այս փուլում անգամ վարչապետի թեկնածու չունեն, և եթե ընդդիմադիր մյուս թևը առաջադրի, ասենք, Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կսատարեն նրան։
«Քանի որ «Հանրապետականը» բազմիցս հայտարարել է, որ այս գործընթացը մեզ համար իշխանափոխության ամենահավանական տարբերակն է, իսկ մենք հայտարարել ենք, որ մեր առաջնահերթությունն է իշխանափոխությունը, այլ ոչ թե՝ իշխանության հասնելը, դրա համար ավելի պարզ, ավելի հեշտ այս գործընթացը իրականացնելու համար մենք պատրաստ ենք նմանօրինակ քննարկումների ցանկացած շահագրգիռ կողմի հետ»։
Խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ միասնական չէ նաև իմպիչմենտի հարցում։ Մինչև «Պատիվ ունեմ» խմբակցության քայլը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արդեն հայտարարել էր, որ իմպիչմենտ սկսելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը, հիմքեր պետք է ունենա, իսկ այդ հիմքերն այսօր առկա չեն: Սեյրան Օհանյանի խոսքով՝ դա նշանակում է, որ նախօրոք ձախողվել, իսկ դա հենց այն է, ինչ պետք է Նիկոլ Փաշինյանին: Զուտ թվաբանական հաշվարկով՝ խորհրդարանական երկու խմբակցությունների ձայները չեն բավարարում ոչ թե իմպիչմենտ հայտնելու, այլ անգամ հարցը խորհրդարանում շրջանառելու համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, որը խմորվում է ընդդիմության դաշտում, «Քաղաքացիական պայմանագրին» չի անհանգստացնում։ Հավաքված առաջին ստորագրություններին ԱԺ նախագահն ընդգծված հեգնանքով է պատասխանում՝ մատնացույց անելով խորհրդարանական ընդդիմության նախորդ 4 տարվա անգործությունը։
«Բա քաշվեցինք, բա հիմա ի՞նչ ենք անելու։ 4 տարի անց՝ աննախադեպ մի բան։ Չէի սպասում, անկեղծ»։
Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ արտահերթ կարգով լիագումար նիստերի օրակարգ բերված հարցը խորհրդարանական ընդդիմությունը փորձում է շահարկել քաղաքական նպատակներով։ Խոսքը պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի կապակցությամբ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին է։ Նա կոնֆլիկտ էր ունեցել խորհրդարանում հավատարմագրված լրագրողի հետ։ Իրեն ուղղված խոսքերից լրագրողը վիրավորվել էր, իսկ պատգամավորը կարծում է, որ ներողություն խնդրելու արարք չի գործել։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը պնդում է, որ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը նաև հանրային շահ է հետապնդում։
«Հիմնական միտքը հետևյալն էր՝ արդյոք ԱԺ քաղաքական մեծամասնությունը զգո՞ւմ է, հասկանո՞ւմ է պատասխանատվությունը, որ պատգամավորի վարքագիծը չափազանց կարևոր է հանրությանը մշակույթ փոխանցելու առումով։ Ցավով արձանագրենք, որ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն հաղորդ չէ այս ամենին, այլ միաժամանակ արդարացնում է հաջորդ բռնությունը, որը շատ չի ուշանալու, ինչպես որ տեղի ունեցավ օրեր առաջ պաշտոնատար անձ թաղապետի մասնակցությամբ»։
Դատապարտելով բոլոր կարգի բռնությունները՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները իրար հիշեցրին տարբեր տարիներին նույն՝ խորհրդարանի շենքում տեղի ունեցած այլ բռնությունների մասին։ Ընդդիմադիրներին արձագանքելով՝ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը պնդում է, որ «Հայաստան» խմբակցությունը չէ, որ պետք է նման նախաձեռնությամբ հանդես գա և հիշեցնում է կոնկրետ դեպք․
«Երբ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը ֆիզիկական բռնություն էր գործադրել լրագրողի նկատմամբ։ Այս նիստը ֆեյք է, որովհետև ձեր խմբակցության պատգամավորի օգնականը լրագրող է ծեծել այս շենքում ու ինքը շարունակում է մնալ պատգամավորի օգնական։ Եկել եք այստեղ ներկայացնում եք նախագիծ, մեջբերումներ է անում զեկուցողը։ Ասում է՝ ասել է ՝ դու լրագրող չես, ես լրագրողների հարցերին եմ պատասխանում։ Նույն բառերը ասել են ձեր գործընկերներ Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը։ Ինչո՞ւ մի տառ չեք ասել։ Չէ, չենք նախաձեռնել, պարոն Մինասյան, դուք չե՞ք տեսել ձեր խմբակցության ճեպազրույցը։ Ինչո՞ւ չեք նույն բանը արել»։
Խորհրդարանական մեծամասնությունը դեմ է առանձին դեպքով՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։ ՔՊ–ականները կարծում են, որ խնդրին համակարգային լուծում տալու համար անհրաժեշտ է ձևավորել ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով, և որ արդեն նախաձեռնել են այդ գործընթացը։
Ինչ վերաբերում է Հայաստանում լրագրողների վիճակին առհասարակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վկայակոչում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցը, որտեղ մամուլի ազատության սանդղակով Հայաստանն այս տարի 34–րդն է, մինչդեռ 2017–ին զբաղեցրել է 79–րդ հորիզոնականը։




