
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել է, որ այրել են իրենց խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան։
«Մեր ավագանու խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան հարձակման է ենթարկվել, հրկիզել են մեքենան։ Մեքենայից անտանելի բենզինի հոտ է գալիս։ […] Գեւորգ Ստեփանյանի կնոջ մեքենան է, որով հիմնականում երեխաներին դպրոց է տանում»,- պատմել է Սուքիասյանը՝ նշելով, որ տեղում ոստիկանությունն աշխատանքներ են իրականացնում ոստիկանները։
Ավագանու խմբակցության ղեկավարը կարծում է, թե «այս ամենի շահառուն գործող իշխանություններն են»։
Գործող իշխանությունը, ի դեմս Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, դատապարտել է այս հանցագործությունը
«Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։ Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,- գրել է նաեւ Ֆեյսբուքի իր էջում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժի պետ Աշոտ Բադալյանի և ավագ քննիչ Գ․ Մանուկյանի գլխավորությամբ։




