
Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ մայիսի 3-ին Նորաշենիկ բնակավայրում առաջին անգամ անցկացվել է «Kapan Race 2025» միջազգային մեգամրցաշարը, որն իր շուրջն էր համախմբել հազարավոր մասնակիցների, հյուրերի և զբոսաշրջիկների։
Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի 4×4 օֆֆ-ռոուդ ակումբը՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և «Կապան» բարեգործական հիմնադրամի ու «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ։
Մրցմանը մասնակցելու համար Կապան էին ժամանել Հայաստանի, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 40 ավտոմրցարշավորդներ, ովքեր պայքարի էին դուրս եկել երեք՝ «Standart», «Sport» և «Extreme» մրցակցային դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ:
Մրցարշավի մրցանակային ֆոնդը կազմել է ավելի քան 3 մլն ՀՀ դրամ, որը բաշխվել է լավագույն արդյունք ցուցաբերած 15 թիմերի միջև։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով։




