
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջիկայում կվերանվանվի Տնտեսական մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Այն դառնալու է սպառողների շահերը պաշտպանող կենտրոնական մարմին՝ իրավախախտումների համար պատասխանատվության միջոց կիրառելու իրավասությամբ:
Օրենսդրական փաթեթի նախագիծը քննարկվել է խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Երկար քննարկումներից հետո փաթեթը դրական եզրակացություն է ստացել։
Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է արգելել սպառողին մոլորության մեջ գցող յուրաքանչյուր գործողություն, ինչպես նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան․ «Գնի ներկայացման կանոնների հետ կապված նոր կարգավորումներով՝ սպառողը հնարավորություն կունենա տեսնելու վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի՝ մեկ կիլոգրամ, մեկ լիտրի գինը։ Օրինակ՝ եթե ապրանքը մեծ ծավալով կամ փաթեթով է վաճառվում, սպառողը կհասկանա՝ որն է շահավետ՝ ձեռք բերել մեծ փաթեթով, թե նույն ապրանքը՝ ավելի փոքր ծավալով»։
Լրացվել են նաև սպառողների հիմնական իրավունքները և նախատեսվել են դրանց խախտման դրսևորումները։
Փաթեթը մշակվել է սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով։ Սպառողների իրավունքների պաշտպանության ողջ օրենսդրությունը համապատասխանեցվելու է Եվրամիության օրենսդրությանը։
«Տեղեկության տրամադրման առումով արգելվում է սպառողի նկատմամբ յուրաքանչյուր մոլորեցնող գործողություն, օրինակ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում կեղծ քանակի դիտումներ կամ կեղծ վարկանիշ ներկայացնելը»։
Արգելք կսահմանվի նաև ապրանքի ընտրության հարցում սպառողների նկատմամբ ամեն տեսակի ճնշման կամ ագրեսիվ վարքագծի նկատմամբ։
Օրինակ՝ արգելվելու են անհատական այցելությունները սպառողների տներ առանց նրանց համաձայնության, հեռախոսով կամ կապի միջոցներով ապրանք գնելու առաջարկները, գովազդում երեխաներին ուղղված կոչերը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանի դիտարկմամբ՝ տնտեսվարողներին զեղչերի հնարավորություն պետք է տալ՝ միաժամանակ չբարդացնելով նրանց կյանքը․
«Շփվել եմ տնտեսվարողների հետ, խնդիր կա, օրինակ, որ զեղչերը ավելի ճկուն լինեն, տնտեսվարողին թույլ տան, որ ինքը հնարավորություն ունենա իր զեղչերը կազմակերպելու։ Միավոր գնի առումով էլ ես հասկանում եմ, որ դա գուցե տեսանելիություն է ապահովում հաճախորդի համար, բայց արդյո՞ք մենք սրանով չենք բարդացնում տնտեսվարողի կյանքը»։
Նախարարը կարծում է, որ առաջարկը լրացնող հանգամանք է, ոչ թե խանգարող։ Սպառողը ևս մեկ անգամ հավելյալ տեղեկություն ստանալու իրավունք կունենա։ Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյան․ «Շատ կարևոր է, որ օրենքում կարգավորումները բարելավվեն, բայց շատ ավելի կարևոր է, որ դրանք կիրառվեն գետնի վրա։ Իրավակիրառ պրակտիկան շատ հաճախ աղերս չունի կարգավորումների հետ»։
Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ իրենք պաշտպանում են հանրային շահը, այլ ոչ թե մեկ սպառողի։ Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ ստեղծվելու է սպառողի օգնական առցանց հարթակ, որը բոլորին հնարավորություն կտա արագ ուղարկելու իրենց դիտարկումներն ու դիտողությունները։ Գործելու է ռիսկերի գնահատման համակարգ։
Մինչև երկրորդ ընթերցումը օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխությունների կենթարկվի։




