ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Եթե ՊՆ-ն լռում է, ուրեմն Ադրբեջանը չի կրակում․ պաշտպանության փոխնախարարը խորհրդարանում էր

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած այցի առնչությամբ մանրամասներ չի հայտնել խորհրդարանում։ Պաշտպանության փոխնախարարը հակիրճ կերպով է պատասխանել սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։ Եթե չկա հաղորդագրություն, ուրեմն չկան նաև ինտենսիվ կրակոցներ՝ ասել է  Արման Սարգսյանը։

Պաշտպանության փոխնախարարը խորհրդարան է գնացել ԶՈՒ բարեփոխումներին միտված օրենսդրական նոր նախաձեռնությունը ներկայացնելու համար։

«Արդյո՞ք Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը լարված պահելու մարտավարությունը և արդյո՞ք շարունակում է կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ» հարցին խորհրդարանում հակիրճ կերպով է անդրադարձել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։  

«Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի պաշտոնական էջ, և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են։ Եթե սահմանային կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ պաշտոնական հաղորդագրություն»։

Եթե չկա հաղորդագրություն, ուրեմն չկան նաև ինտենսիվ կրակոցներ՝ պնդում է պաշտպանության փոխնախարարը։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով՝ Հայաստանի կողմից հրադադարը խախտելու մասին կեղծ տեղեկություն տարածող Ադրբեջանը վերջին օրերին նվազեցրել է արշավի ինտենսիվությունը․ Խոզնավարում, Խնածախում բնակելի տան և մշակույթի տան վրա արձանագրված հետքերը, սակայն, փաստում են, թե իրականում որտեղից են արձակվել կրակոցները։ Պաշտպանության փոխնախարարն ընդգծում է, որ նախարարությունը այդ դեպքերը կոծկել չի փորձել․ եղել են այլ խնդիրներ․  

«Եղել են դեպքեր, երբ մի փոքր օպերատիվության խնդիր է եղել, որը վերջին ժամանակաշրջանում վստահաբար ասում եմ, որ նման խնդիր այլևս չունենք։ Շնորհակալություն»։

Նախարարը խորհրդարան էր գնացել Զինված ուժերի բարեփոխմանը միտված օրինագծերից մեկի ներկայացման համար։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում են գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները։ Մոդելի հիմքում, ըստ փոխնախարարի, միջազգային փորձն է։

«Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների և շտաբային սերժանտների առկայություն, որով ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը»։

Որպեսզի նոր ներդրվող համակարգը գործի, պետությունը պատրաստ է նաև ֆինանսապես շահագրգռելու զինծառայողներին։ Արդյո՞ք այդ դեպքում բանակում ծառայությունն ավելի մրցունակ կդառնա, օրինակ, պարեկային ծառայության համեմատ, որտեղ սահմանված աշխատավարձերն ավելի բարձր են, քան  պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը։ Պաշտպանության փոխնախարարը համեմատելու փոխարեն սանդղակ է հրապարակում։

«Համեմատություններ ես չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ, թե պարեկային ծառայողները որքան են ստանում։ տեսեք՝ մեր պաշտոնները հստակ դասակարգված են խմբերով։ 7․4 խմբի սերժանտի համար նախատեսված է նվազագույնը՝ 222 հազար, իսկ ատեստավորվելու պարագայում կկազմի մոտ 490 հազար դրամ։ 9․ 8 խմբի սերժանտի համար նվազագույնը՝ 362 հազար, ատեստավորվելու պարագայում կկազմի շուրջ 630 հազար դրամ։ Իսկ 9․ 9 խմբի համար՝ մոտ 400 հազար, ատեստավորվելու դեպքում կգերազանցի 670 հազար դրամը։ Դրանք փոքր աշխատավարձեր չեն սերժանտի կոչումով զինծառայողի համար։ Սա մի խթան է հանդիսանալու, որպեսզի ինքը և՛ որակական փոփոխությունների ենթարկվի, և՛ նաև իր ֆինանսական վիճակը բարելավի»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ այս համակարգը ներդնելու համար բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել։

«Մենք ունեցել ենք աշխատանքային բավականին լուրջ քննարկում ԳՇ պետի տեղակալի մասնակցությամբ, և մեզ հետաքրքրող հարցերն ամենայն խորությամբ քննարկվել են։ Ես կարծում եմ, ատեստավորումը վերցված է որպես հիմք ուսուցում-աշխատավարձ փոխկապակցվածությունը պահելու համար։ Այս օրինագիծը բանակի ռեֆորմների հետ կապված ամենակարևորներից մեկն է, գուցե՝ ամենակարևորը»։

Նախագիծը խորհրդարանին է ներկայացվում վերջին ընթերցմամբ՝ լրամշակված տարբերակով։ Առաջին ընթերցման ժամանակ նախագծին ձեռնպահ քվեարկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս անգամ միացավ «կողմ» քվեարկությանը հարցը առաջիկա լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար։

«Առաջին ընթերցմանը ձեռնպահ էինք քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներով, որովհետև շատ հարցեր կային, որոնց պատասխաններն ակնկալում էինք ստանալ։ ԳՇ պետի տեղակալի մասնակցությամբ երկու ժամանոց աշխատանքային քննարկում ենք ունեցել, շատ-շատ հարցեր տրվել են, պատասխանները ստացել ենք։ Եվ իրոք, շատ կարևոր ներդրում է սերժանտական ինստիտուտը։ Բայց պետք է հանուն ճշմարտության ասել, որ դեռ 2008 թվականից արդեն աշխատանքներ ծավալվել են՝ ինչքանով լավ, ինչքանով վատ, միշտ էլ զարգացման մեջ է կարևոր։ Ասեմ, որ առաջին ընթերցումից հետո շատ արձագանքներ եմ ստացել նաև ԶՈՒ-ից, նույն սերժանտական համակարգից։ Կան մտահոգություններ, թե որքանով է արդար լինելու, որքանով հին սերժանտական ինստիտուտի զինծառայողները, որոնք դժվարին պայմաններում են իրենց ծառայությունն իրականացնում կընդգրկվեն, կներառվեն այս համակարգի մեջ։ Ուշադրությամբ հետևելու ենք այս գործընթացին»։

Օրինագիծն ընդգրկվեց ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգ, բայց զգուշացում հնչեց, որ աշխատանքային քննարկումների մասին պատմող  բաց հրապարակումներից անհրաժեշտ է խուսափել։

Կարդացեք նաև

Back to top button