ԿարևորՄիջազգային

Իրանը հայտարարել է նոր բալիստիկ հրթիռի փորձարկման մասին

Իրանի իշխանությունները մայիսի 4-ի երեկոյան հայտարարել են, որ ապրիլի 17-ին հաջողությամբ փորձարկել են «Քասեմ Բասիր» պինդ վառելիքով նոր բալիստիկ հրթիռը: Երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն IRIB 2 պետական ​​հեռուստաալիքին հայտնել է, որ հրթիռը բարելավել է մանևրելու ունակությունը և «անխոցելի է հակաօդային պաշտպանության THAAD և Patriot համակարգերի համար, և նաև այն համակարգերի համար, որոնք ունի Իսրայելը»:

Նասիրզադեն նաև ասել է, որ Իրանը «պատրաստ է հզոր պատասխան տալ, եթե իր վրա հարձակվեն կամ պատերազմ պարտադրեն»։ Իրանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ Թեհրանը «չունի թշնամանք հարևան երկրների նկատմամբ և ձգտում է եղբայրական հարաբերություններ կառուցել», սակայն պատերազմի դեպքում իրանցի զինվորականների համար նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան «օրինական թիրախներ»։

Մեկնաբանելով Իսրայելի վրա եմենցի հուսիթների հրթիռային հարձակումը՝ Նասիրզադեն ասել է, որ Եմենը «անկախ պետություն է, որն ինքնուրույն է որոշումներ կայացնում»։ Նա նաև հերքել է ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, որ Իրանը կապված է այդ երկրում ընթացող հակամարտության հետ, հաղորդում է AP-ն։

Մայիսի 4-ին Եմենից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի մոտ գտնվող Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի մոտակայքում, որի հետևանքով վեց մարդ է վիրավորվել։

Lufthansa ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ մինչև մայիսի 6-ը չեն իրականացնի չվերթներ դեպի Թել Ավիվ: Նմանատիպ որոշումներ են կայացրել նաև British Airways-ը, Air France-ը և մի շարք այլ խոշոր միջազգային ավիափոխադրողներ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ հարձակումը անպատասխան չեն թողնի։ Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ հուսիթների հարձակման հետևում կանգնած է Իրանը և վստահեցրել, որ իր երկիրը «հստակ ազդանշան» կփոխանցի Թեհրանին։

Կարդացեք նաև

Back to top button