
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արձագանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եռօրյա հրադադար հայտարարելու նախաձեռնությանը ՌԴ ԱԳՆ-ն համարել է սպառնալիք։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մայիսի 8-11-ի հրադադարը
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև և կայուն խաղաղության ուղիներ փնտրելու փորձարկում է»։
«Մենք կսպասենք ոչ թե երկիմաստ, այլ վերջնական հայտարարությունների, և ամենակարևորը՝ տոների ընթացքում հակամարտության լիցքաթափմանն ուղղված գործողությունների», — ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեղադրելով Կիևին Ռուսաստանի կողմից արված առաջարկին ուղիղ պատասխան չտալու մեջ։ Միևնույն ժամանակ, Պեսկովը չի մեկնաբանել Ուկրաինայի առաջարկը՝ 30-օրյա հրադադարի վերաբերյալ։
Կիևը պատրաստ է հրադադարի, բայց ոչ թե երեք, այլ 30 օրով, հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այո՛, փորձենք 30 օրով։ Ինչո՞ւ 30 օրով, որովհետև անհնար է որևէ բանի շուրջ համաձայնության գալ երեք, հինգ կամ յոթ օրում», —նշել էր Զելենսկին։
«Հիմա կա մանիպուլյացիայի ևս մեկ փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը և միայն այդ դեպքում դադարեցնեն կրակը՝ շքերթի ժամանակ Պուտինի համար լռություն ապահովելով», — ասել էր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան գնահատում է «մարդկանց կյանքը, այլ ոչ թե շքերթները»։
Մայիսի 3-ին Զելենսկին կոչ է արել պետությունների և կառավարությունների ղեկավարներին չմասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կապիտուլյացիայի 80-ամյակին։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք կգնան մայիսի 9-ին. մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարվածի համար։ Նրանք ձեզ անվտանգություն են ապահովում, դրա համար էլ մենք որևէ երաշխիք չենք տա։ Որովհետև չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ ամսաթվերին։ Կարող է ձեռնարկել տարբեր քայլեր՝ հրկիզումներ, պայթյուններ և այլն, իսկ հետո մեղադրել մեզ», — ասել է Զելենսկին։
«Արտահայտությունը, որ նա «չի երաշխավորում մայիսի 9-ին Ռուսաստանի տարածքում անվտանգությունը», քանի որ իր պատասխանատվության գոտին չէ, իհարկե, ուղիղ սպառնալիք է», — գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով Զելենսկու խոսքերը։




