ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման արարողություններ՝ Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Ֆրանսիայի Սենատի անդամ Ֆրանսիս Սզբիները (Francis SZPINER), Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը։

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության, ԼՂ հայության նկատմամբ իրագործված էթնիկ զտման ու ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հասցեագրման վերաբերյալ կլոր-սեղան քննարկում, որին մասնակցել են Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն, Ֆրանսիայի ՀԴՀ նախագահ Անահիտ Հակոբյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Պազումյանը, ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախագահ Պետրոս Աստուրյանը և Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սիլվա Սահակյանը։

Արարողությանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Էմանուել Հոֆմանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ապրիլի 29-ին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Անիեր-սյուռ-Սենի քաղաքում կանգնեցված խաչքարի առջև: Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Թոմաս Լամը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Անիեր-սյուռ-Սենի քաղաքի խորհուրդների անդամները, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյան, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Մանուել Այշլիմանը, դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։

Ապրիլի 30-ին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բանյո քաղաքի «Կիրովական պուրակում» տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև: Հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ելութներով են հանդես եկել քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը և դեսպանության երրորդ քարտուղարՇիրազ Հովակիմյանը։

Մայիսի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ զինվորական կարգով կազմակերպված արարողություն է տեղի ունեցել նաև Կուրբվուայի քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև, որտեղ ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Կուրբվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին, Ֆրանսիայի Սենատի անդամ Մարի-Դո Այշլիմանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժան դ՛Օտսերը, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Կուրբվուա քաղաքի խորհուրդների ներկայացուցիչները, միջոցառման համակազմակերպիչ Ժան-Ժակ Սարաջյանը, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելի, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի և Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից:

Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Ժակ Կոսովսկին, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյան և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների դիմադրության շարժման անդամների ասոցիացիայի ներկայացուցիչ Րաֆֆի Բակյանը։ Միջոցառմանը ներկա են եղելնաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, Կուրբվուայի բազմաթիվ բնակիչներ:

Կարդացեք նաև

Back to top button