ԿարևորՄիջազգային

Ուկրաինան և Ռուսաստանը ԱԹՍ-ներով փոխադարձ հարվածներ են հասցրել

Ուկրաինական Խարկով քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ մայիսի 2-ի հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասել է 46-ի, հայտնում են տեղական իշխանությունները:

Խարկովի մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ զանգվածային հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տուն, բազմաբնակարան շենք, խանութ և ավտոկայանատեղի։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ շաբաթ գիշերը 170 անօդաչու թռչող սարք է հարձակվել Ռուսաստանի շրջանների վրա։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը տեղեկացրել է, որ այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել տարածաշրջանի Սև ծովի ափը։

Նովոռոսիյսկում հայտարարվել է արտակարգ դրություն, վնասվել է երեք բազմաբնակարան շենք։ Նախնական տվյալներով, վիրավորվել է չորս մարդ՝ երկու մեծահասակ և երկու երեխա, գրել է նահանգապետը։

Բացի այդ, ըստ Կոնդրատևի, անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Նովոռոսիյսկի հացահատիկի տերմինալի բաքերը:

Անապայում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են երեք մասնավոր տուն, հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ Նշվում է, որ Յուրովկա գյուղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով երեք տներում կոտրվել են պատուհանները և վնասվել դռները։

Ըստ շտաբի՝ զոհեր չկան և քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել։

Կարդացեք նաև

Back to top button