ԿարևորՄիջազգային

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային տրամադրվող նոր օգնության փաթեթին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է F-16 կործանիչների և դրանց հետ կապված սարքավորումների հնարավոր վաճառքը Ուկրաինայի կառավարությանը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA) տրամադրել է անհրաժեշտ հավաստագրերը՝ այդ մասին տեղեկացնելով ԱՄՆ Կոնգրեսին, հայտնել են գործակալությունից։

Փաթեթը, որն արժե 310.5 միլիոն դոլար, ներառում է ինքնաթիռների արդիականացման ծառայություններ, անձնակազմի վերապատրաստում շահագործման և սպասարկման համար, պահեստամասեր, ծրագրային ապահովում, տեխնիկական փաստաթղթեր և այլ հարակից լոգիստիկ տարրեր։

Առաջարկվող վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ օդաչուների արդյունավետ վերապատրաստման և Միացյալ Նահանգների հետ օպերատիվ փոխգործունակությունը բարձրացնելու միջոցով, հայտարարել է DSCA-ն։

Հիմնական կապալառուների թվում կլինեն Valiant Integrated Services-ը, Top Aces Corporation-ը, Lockheed Martin Aeronautics-ը, Pratt and Whitney-ն, Snap-on Inc.-ը, BAE Systems Inc.-ը, AAR Corporation-ը և Comsetra LLC-ն։

Հնարավոր վաճառքը «չի փոխի տարածաշրջանում ռազմական հիմնական հավասարակշռությունը», կարծում են ԱՄՆ-ում։

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, հայտնի էր դարձել, որ Բելգիան Ուկրաինային կփոխանցի չորս F-16 կործանիչ։ Դրանցից երկուսը երկիր կժամանեն այս տարի, իսկ ևս երկուսը՝ հաջորդ տարի, հայտարարել էր Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում կայացած համատեղ ասուլիսում։

Կարդացեք նաև

Back to top button