
2023թ. Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Իմուն պարեկ» առաջին ծրագրի ղեկավար, ԵՊԲՀ դասախոս Լյուդմիլա Նիազյանն ընդգծեց տվյալ ծրագրի շարունակականութունը, ԲՈւՀ-հասարակություն-դպրոցներ համագործակցության կարևորությունը` «երիտասարդները հանուն առողջության երկխոսության» գաղափարի շրջանակներում, որը խթանում է բժշկագիտության բնագավառում սեփական հետազոտությունների վրա հիմնված գիտահեն քաղաքականության մշակմանը։
Իրենց մասնակցությամբ անմասն չմնացին «Վարդանանց Ասպետներ» թ.106, Չեխովի անվան թ.55 և Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցների պատանի գիտակները, ովքեր ավարտելով «Իմուն պարեկ»-ի օնլայն ակադեմիան, իրենց անհատական հետազոտական աշխատանքները ներկայացրեցին պաստառների և սահիկաշարերի միջոցով:
Տարբեր ամբիոնների ուսանողներ ևս ներկայացրեցին իրենց հետազոտական աշխատանքները կառավարելի վարակների և պատվաստանյութերի շուրջ։ Ուսանողներից որոշները արվեստի միջոցով ցույց տվեցին առողջության դերը և նշանակությունը հասարակության կյանքում` կատարված աշխատանքներում ներդնելով առողջապահական ուղերձների յուրօրինակ մոտեցումներ։
Ակտիվորեն ներգրավելով ուսանողներին իրական առողջապահական սցենարներում՝ նախաձեռնությունը ոչ միայն զինում է նրանց գործնական գիտելիքներով, այլև պատասխանատվության և առաջնորդության զգացում է սերմանում ապագա բուժաշխատողների և որոշում կայացնողների մեջ` հանրային առողջության մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Առողջապահությունը խորը կերպով փոխկապակցված է քաղաքականության և այլ ոլորտների հետ, ուստի հանդիսանում է ազգային անվտանգության, տնտեսության դիմակայունության և հասարակական կայունության հիմնասյուն։
Խոշոր ուղենշային հետազոտություններից մեկի հսմաձայն` համաշխարհային պատվաստումների ջանքերը վերջին 50 տարիների ընթացքում փրկել են շուրջ 154 միլիոն կյանք, (յուրաքանչյուր րոպեում 6 կյանք), որոնց ճնշող մեծամասնությունը՝ 101 միլիոն, եղել են նորածիններ։
Հետազոտությունը, որը ղեկավարվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, ապացուցում է, որ պատվաստումը առողջապահական միջամտությունների մեջ ամենամեծ ներդրումն է, որը նպաստում է նորածինների առողջ և ռիսկերց զերծ ապահով ապագան ոչ միայն կյանքի առաջին տարում, այլև պահպանում է այն հետագա կյանքի ընթացքում։
Հետազոտության մեջ ընդգրկված պատվաստանյութերից կարմրուկի դեմ պատվաստումը ամենամեծ ազդեցությունն է ունեցել նորածինների մահացության կրճատման վրա՝ կազմում է պատվաստման շնորհիվ փրկված կյանքերի 60 տոկոսը։ Այս պատվաստանյութը, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ մահվան կանխարգելման հիմնական գործիքը։
Վերջին 50 տարիներին 14 հիվանդությունների դեմ պատվաստումը (դիֆթերիա, Haemophilus influenzae տիպ B, հեպատիտ B, ճապոնական էնցեֆալիտ, կարմրուկ, մենինգիտ A, կապույտ հազ, պնևմոկոկային հիվանդություն, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, կարմրախտ, փայտացում, տուբերկուլյոզ և դեղին տենդ) ուղղակիորեն նպաստել է նորածինների մահացության 40% կրճատմանը համաշխարհային մակարդակով:
Իմունականխարգելման Եվրոպական շաբաթվա այս տարվա կարգախոսը` «Մարդկայնորեն հնարավոր», ևս մեկ զարկ է հանրության ուշադրությունը բևեռելու հիվանդությունների վաղ կանխարգելմանը, առողջության արժեվորմանը և պահպանմանը։




