ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

ԵՄ-ն ուժեղացնում  է ռազմական արդյունաբերությունը․ շուրջ 1 միլիարդ եվրո՝  ռազմավարական մարտահրավերներից պաշտպանվելու համար

Եվրամիությունը շարունակում է քայլեր անել սեփական ռազմական արդյունաբերության ներուժը զարգացնելու ուղղությամբ՝ այդպես արձագանքելով Ռուսաստանի ագրեսիային և ռազմավարական մարտահրավերներին։

Գերմանական DW պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Եվրոպական պաշտպանության հիմնադրամի նոր ծրագրին, որի շրջանակում շուրջ 1 միլիարդ եվրո կհատկացվի ԵՄ ռազմաարդյունաբերական բազայի ամրապնդմանը։

Ծրագիրը ներառում է ավելի քան 50 նոր նախաձեռնություն․ դրան առաջին անգամ մասնակցում են նաև ուկրաինական ձեռնարկություններ։

Եվրոպական հանձնաժողովը 910 միլիոն եվրո է հատկացրել Եվրոպական պաշտպանական հիմնադրամի շրջանակում իրականացվելիք 62 նախագծի համար։ Դրանց կարող են մասնակցել ոչ միայն Եվրամիության երկրներն ու Նորվեգիան, այլև առաջին անգամ՝ Ուկրաինան։ Գերմանական հեղինակավոր DW պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին ապրիլի 30-ին հայտնել է ԵՄ հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Եվրամիության ռազմավարական պաշտպանության ծրագրերում Ուկրաինայի ներգրավման հարցը բարձրաձայնվել է դեռևս 2023 թ․ վերջին։ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ պաշտպանական գործակալության ամենամյա համաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր․

«Մեր ռազմավարությունը կարող է ամբողջական լինել միայն այն դեպքում, երբ այն հաշվի առնի նաև Ուկրաինայի կարիքները և նրա արդյունաբերական ներուժը։ Ուկրաինան պետք է ինտեգրվի ԵՄ պաշտպանական ծրագրերին  իր ռազմական կարիքները բավարարելու նպատակով»։

Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ նոր ներդրումների նպատակն է լրացնել եվրոպական պաշտպանության կարողությունների հիմնական բացերը, մասնավորապես, զորքերի շարժունակության և հակաօդային պաշտպանության ոլորտներում։ Մրցույթին ներկայացվել է շուրջ 300 հայտ։ Ընտրված նախագծերից է նաև ուկրաինական Small UAS ծրագիրը, որն ուղղված է արհեստական բանականությամբ ղեկավարվող նորագույն օդային համակարգերի մշակմանը։

Small UAS նախագծում ընդգրկված են ուկրաինական երկու ընկերություններ՝ որպես ասոցացված գործընկերներ։ Ըստ պարբերականի՝ դրամաշնորհային պայմանագրի նախապատրաստման ընթացքում հնարավոր է, որ գործընթացին միանան նաև ուկրաինական այլ մասնակիցներ։  

Եվրոպական ռազմական արդյունաբերությունը դեռևս ունի կառուցվածքային խնդիրներ։ Financial Times-ի տվյալներով՝ խոշոր զինարտադրող MBDA կոնցեռնը, որը հայտնի է Storm Shadow թևավոր հրթիռների արտադրությամբ, չի հասցնում բավարարել  սպառազինությունների մեծացող պահանջարկը։ Ընկերության պատվերների պորտֆելը գերազանցում է 37 միլիարդ եվրոն, իսկ դրանց կատարումը ներկա տեմպերով կարող է շուրջ յոթ տարի պահանջել։

Financial Times-ը մեջբերել է MBDA-ի գլխավոր տնօրեն Էրիկ Բերանժեի խոսքը. «Անհրաժեշտ է արդյունաբերության  արմատական վերակազմակերպում, սակայն այս ուղղությամբ քայլերը հաճախ հանդիպում են անդամ երկրների քաղաքական դիմադրությանը»։

Կոնցեռնի ղեկավարը պարզաբանել է, որ արտադրական շղթաների տարանջատվածությունը, մասնավորապես՝ Ֆրանսիայի ու Իտալիայի միջև, էականորեն դանդաղեցնում է մատակարարումները։ Իսկ վերակազմավորման առաջարկները մերժել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ ազգային շահերի նկատառումներով։ MBDA-ն մինչև 2028 թվականը նախատեսում է ներդնել 2,4 մլրդ եվրո՝ արտադրական ներուժն ընդլայնելու նպատակով՝ Financial Times-ին հայտնել է կոնցեռնի ղեկավարը։

Վերադառնալով Եվրոպական պաշտպանական հիմնադրամի շրջանակում իրականացվելիք նախագծերին՝ նշենք, որ դրանցից ինն ուղղված են առաջադեմ տեխնոլոգիաների մշակմանը։ Նախագծերից մեկը զբաղվում է նոր սերնդի նյութերի մշակմամբ, մյուսը, շուրջ 45 արդյունաբերական և գիտական կենտրոնների ներուժը միավորելով, նպատակ ունի մինչև 2030 թվականը ստեղծելու եվրոպական նոր սերնդի ուղղաթիռներ։ EUROSWEEP նախագիծն էլ նախատեսում է ականազերծման միասնական, ինքնավար համակարգի ստեղծում։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանության, արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և կիբերանվտանգության ոլորտներին։  

ԵՄ պաշտպանական նոր ռազմավարության շրջանակում Եվրոպական պաշտպանության հիմնադրամի (EDF) ֆինանսավորումն ուղղված է անվտանգության կարողությունների ամրապնդմանը։ Ըստ DW-ի՝ պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը պարզաբանել է.

«Ընտրված առաջարկները զարգացնում են առանցքային կարողություններ։ Օրինակ՝ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր ու ԱԹՍ-ներ, որոնք թույլ կտան եվրոպական զինված ուժերին արձագանքել առաջացող սպառնալիքներին և պաշտպանել մեր քաղաքացիներին՝ հավաքական պաշտպանության ամրապնդման միջոցով, նաև մեր գործընկերներին, ինչպիսին է Ուկրաինան, աջակցել օտարերկրյա ագրեսիայից պաշտպանվելու հարցում»։

Այս ներդրումներն արվում են ԵՄ վերազինման նոր պլանի շրջանակում։ Նոր միջոցառումների հաշվին ԵՄ-ի՝ համատեղ պաշտպանական հետազոտությունների և մշակումների ընդհանուր բյուջեն արդեն գերազանցել է 4 միլիարդ եվրոյի սահմանագիծը՝ եզրափակել է գերմանական հեղինակավոր պարբերականը։

Կարդացեք նաև

Back to top button