
Պարտքի բացարձակ մեծությունն էական չէ․ կան տարբեր երկրներ, որոնք ավելի շատ պարտք ունեն, բայց զարգացած, զարգացող երկրներ են, և որևէ խնդիր չկա՝ հայտարարել է ֆինանսների նախարարը։ Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ճգնաժամ կարելի է ունենալ նույնիսկ փոքր պարտքի դեպքում։ Ֆինանսների նախարարն անդրադարձել է Հայաստանի արտաքին պարտքին, եվրոբոնդերի թողարկմանն ու հասարակությանը հետաքրքրող այլ թեմաների։
Միջազգային կապիտալի շուկայում մարտի սկզբին Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերը բավական մեծ պահանջարկ են ունեցել: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ հաջողությամբ թողարկել են 750 մլն դոլար ծավալով եվրոբոնդ՝ 7,1 տոկոսադրույքով:
«Պահանջարկը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որ մենք թողարկել ենք: Ներդրողները եղել են հիմնականում Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Եվրոպան՝ 14 տոկոս, Մեծ Բրիտանիան՝ 45 տոկոս, ԱՄՆ-ն՝ 34 տոկոս, Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան՝ 5 տոկոս»։
Նախարարը վստահեցնում է՝ Հայաստանի նման երկրները ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում։ Եվրապարտատոմսերի մարման ժամկետը 10 տարի է: Դրանց թողարկումից ստացված զուտ հասույթով կֆինանսավորվի պետական բյուջեի դեֆիցիտը: Սա միջազգային կապիտալի շուկայում Հայաստանի՝ եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ։ Ցուցանիշը անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4,4 տոկոսով:
2024 թ․ արդյունքներով՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը նվազել է 0,1 տոկոսային կետով․ «Ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի: Հայաստանի նման երկրներում ներքին պարտքը կազմում է 20-30 տոկոս: Մեզ մոտ ևս նույն մակարդակն էր․ վերջին տարիներին կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, ինչը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»։
Նախարարը խոսեց նաև հանքարդյունաբերության մասին։ Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու մի շարք բանկերի հետ քննարկումից հետո միայն մեկը համաձայնեց վարկավորել Ամուլսարի ծրագիրն այն դեպքում, երբ կառավարությունը 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք է տրամադրում։
«Ամուլսարի գործարկումը կարող է ունենալ դրական ազդեցություն: Եթե այս տարի արդեն աշխատանքը սկսվի, դա, մեր գնահատմամբ, կարող է 0,5 տոկոսի շրջանակում ազդեցություն ունենալ ՀՆԱ-ի աճի վրա»:
Ֆինանսների նախարարի եկամուտների հայտարարագրման շուրջ հետաքրքրությունը չի նվազում։ Ամեն ինչ սկսվել էր, երբ մի խումբ փաստաբաններ հայտարարել էին, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարագրի նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա վարքագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և որ նախարարի նկատմամբ, հնարավոր է, քրեական վարույթ հարուցվի, մասնավորապես զրո տոկոսով վարկ ստանալու, քեռու անունով շինություն գրանցելու հետ կապված:
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ մտահոգություններ չունի այդ հարցով։ Բացատրեց, որ 2020 թվականին՝ պատերազմից հետո, մի խումբ ընկերներով որոշել են տեխնոլոգիական պարկ հիմնել, որը կմեծացնի բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու Հայաստանի հնարավորությունները։ Ընկերներից մեկը գումար է ներդրել, որը ձևակերպվել է որպես պարտք, և որոշվել է, որ Վահե Հովհաննիսյանը պետք է ղեկավարի այդ ընկերությունը:
«Փաստերը, որոնք հայտարարել են, այն է, ինչ որ ես հայտարարել եմ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է կատարում կամ վերջացրել է՝ տեղյակ չեմ։ Այդ ուսումնասիրության ընթացքում ինձնից որոշակի պարզաբանումներ են պահանջվել․ ես տրամադրել եմ այն ամենը, ինչ հնարավոր է՝ հաշվիների քաղվածքը, ինչ եկամուտ ունեմ։ Ինձ որևէ այլ մարմին չի կանչել։ Ինչքան հասկանում եմ, դատական գործը ոչ թե իմ, այլ դատախազության դեմ էր, որը քրեական գործ չի հարուցել։ Ենթադրում եմ՝ չի հարուցել, քանի որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»։
Հովհաննիսյանը մանրամասնում է, որ երբ 2021-ի օգոստոսին նշանակվել է ֆինանսների փոխնախարար, արդեն պարզ է եղել, որ այլևս չի կարող զբաղվել ձեռներեցությամբ, և իր ղեկավարած ընկերությունը փոխանցել է երրորդ անձի։ Այդ ընկերությունն արտոնություն է ստացել, ինչպես նմանատիպ մյուս ընկերությունները՝ պարզաբանում է նախարարը։




