
Աշխատանքային վեճերը դատական կարգով լուծելու պրակտիկան տարեցտարի ավելանում է՝ արձանագրում են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում։ Միաժամանակ նկատում են, որ աշխատող-գործատու հարաբերությունները ավելի ամուր հիմքերի վրա են դրվում, բայց աշխատողներն էլ ավելի պահանջատեր են դառնում։ Պատասխանատուները հիշեցնում են ինչպես աշխատանքային իրավունքի, այնպես էլ պարտավորությունների մասին։ Միաժամանակ հորդորում են՝ պայքարել սեփական իրավունքների համար, հատկապես, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը տալիս է այդ հնարավորությունը։
Վերջնահաշվարկ, արձակուրդ չտրամադրելու, աշխատանքային պայմանագրեր չկնքելու, կամ դրանցում կամայական փոփոխությունների դեպքեր, անհարկի վարչական տույժեր․ սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնք արձանագրում են և՛ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում, և՛ Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնում։ Այս կառույցի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Արա Մկրտչյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ 2024-ին 287 թեմատիկ ստուգում և 840 վարչական վարույթ են իրականացրել․
«Տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում հայտնաբերված ամենաշատ հանդիպող խախտումները հետևյալ ոլորտներում են՝ շինարարության, մանրամեծածախ առևտրի ոլորտներ։ Վերջին շրջանում նաև կրթության ու առողջապահական ոլորտներում են ավելացել խախտումները։ Ամենահաճախ հանդիպում են դեպքեր, երբ գործատուն չի տրամադրում վերջնահաշվարկը։ Գործատուն հաճախ արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար աշխատանքի համար հավելումներ չի կատարում։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ գործատուն աշխատողների հետ կնքված պայմանագրերը անհիմն լուծում է»։

Աշխատանքային անվտանգության ոլորտում ամենաշատ խախտումները շինարարության, ապա հանքարդյունաբերության, արդյունաբերության այլ ճյուղերում են՝ ասում է Արա Մկրտչյանը։
«Շինարարական հրապարակներում բարձրության վրա աշխատանք կատարելիս աշխատողները հիմնականում չեն կրում անհատական պաշտպանիչ միջոցներ։ Չեն կրում անհատական ամրագոտիներ, աշխատող անձնակազմը չի կրում արտահագուստ, աշխատողներից ոմանք չեն կրում պաշտպանիչ գլխարկներ։ Շինարարական հրապարակներում առկա են մշտական վտանգավոր գոտիներ»։
Օտարերկրացիների հետ կապված նույնպես աշխատանքային իրավունքի խախտումներ են արձանագրվում։ Գործատուն առանց կացության ակտի, լիազորված մարմնի տրամադրած աշխատանքի թույլտվության և միասնական էլեկտրոնային հարթակում հայտ ներկայացնելու օտարերկրացիների հետ աշխատանքային պայմանագիր է կնքում։
Արդյո՞ք Աշխատանքային օրենսգիրքը իրականում պաշտպանում է աշխատողի իրավունքները․ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ իրականում աշխատանքային օրենսգիրքը հավասարաչափ է պաշտպանում գործատուի ու աշխատողի իրավունքները։ Քաղաքականություն մշակող մարմնում ամեն ինչ անում են, որ հավասարաչափ լինի՝ իհարկե, հաշվի առնելով, որ աշխատողը ավելի խոցելի է։ Աշխատանքային օրենսգրքի տրամաբանությունը աշխատանքային հարաբերությունները կարգավորելն է, փոխադարձ հավասարաչափ պայմաններ ստեղծելը․
«Պետք է հաշվի առնել, որ աշխատողը ավելի խոցելի է, քան գործատուն։ Բոլոր դեպքերում, երկու կողմն էլ հավասարաչափ ունեն և՛ իրավունքներ, և՛ պարտավորություններ»։
Հայաստանում տարեցտարի ավելանում են գործատուների դեմ հայցերը՝ արձանագրում է փոխնախարարը։ Տարբեր հաշվարկներով դրանց թիվը տարեկան ավելանում է 500-ով։
«Աշխատող-գործատու վեճը հասնում է դատարան, եթե կա իրավական վեճ։ Երբ նայում ենք վճիռները, հասկանում ենք, որ իրականում հիմքերը կան, դատարանը, նորմերn օգտագործելով, վերականգնում է իրավունքը, հանում է սահմանափակումները»։

Աշխատավայրում խնդիրներ ունեցողը հաճախ լռում է, վախենալով, որ կկորցնի աշխատանքը։ Նման դեպքերը շատ են, բայց քիչ չեն նաև իրենց իրավունքների համար պայքարող աշխատողները, ասում է Ռուբեն Սարգսյանը։
Փոխնախարարը գտնում է, որ այս հարցում կարևոր է արհմիությունների դերը․
«Կարևոր է, որ Հայաստանում զարգանա արհմիութենական մշակույթը։ Իսկ օրենսդրությունը իրականում թույլ է տալիս ու նաև հնարավորություն պաշտպանվելու համար։ Եթե բացեր լինում են, փորձում ենք համահունչ զարգացնել, կամ մեկ քայլ առաջ անել, օրինակ՝ թվային պայմանագրերի ներդրումը։ էթիկայի նորմերից ելնելով չեմ հրապարակի այն կառույցների անունները, որոնց դեմ կան դատական հայցեր, աշխատողները հաղթանակով են դուրս եկել։ Եթե ցանկանում ես պաշտպանվել, կարող ես, մարդը պետք է ձգտի պաշտպանվելու»։
Ի՞նչ անել երբ գործատուն հրաժարվում է կոլեկտիվ պայմանագիր կնքել արհմիության հետ։ Իրականում այս հարցը հստակ պատասխան չունի՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։ Այստեղ է, որ նախարարության ու արհմիութենական կազմակերպությունների կարծիքները չեն համընկնում։
Գերատեսչությունում կարծում են, որ սա երկու կողմի ցանկությունն է, արհմիութենական կազմակերպությունները այլ դիրքորոշում ունեն՝ պետք է պարտադրել գործատուին, քանի որ այս դեպքում էլ աշխատողը խոցելի վիճակում է։ Այս պահին հարցը քննարկվում է, դժվար է ասել, թե ինչպես կկարգավորվի այս նորմը։ Աշխատանքային պայմանագրում էական փոփոխություններ անելիս աշխատողը պետք է տեղյակ լինի՝ ասում է Ռուբեն Սարգսյանը։
«Էական պայմաններ են աշխատավարձի չափը, ռեժիմը, գործառույթները, աշխատանքի վայրը։ Էական պայման փոփոխելիս գործատուն պարտավոր է ունենալ աշխատողի գրավոր համաձայնությունը»։
Աշխատանքային հարաբերությունները սուբյեկտիվ լինել չեն կարող, բայց քիչ չեն դեպքերը, երբ գործատուն կամայական որոշումներ է կայացնում՝ ասում է փոխնախարարն ու հստակեցնում․ այս դեպքում, եթե աշխատողը դատական հայց ներկայացնի, ապա հաղթանակը իր կողմն է։
Մինչև տարեվերջ պատրաստ կլինի աշխատանքային վեճերը արտադատական ինստիտուտի միջոցով լուծելու վերաբերյալ օրենսդրական նախագիծը։ Սա աշխատանքային վեճերը ավելի արագ լուծելու կարևոր օղակ է զարգացած երկրներում։ Տարիների ընթացքում և՛ աշխատողներն են պահանջատեր դառնում, և՛ գործատուները՝ ավելի պատասխանատու, ամփոփում են զրուցակիցներս՝ հիշեցնելով՝ այնտեղ, որտեղ կա իրավունք, կա նաև պարտավորություն։




