ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ներքաղաքական մթնոլորտի թեժացում՝ ոչ քաղաքական ձևով․ ՄԻՊ-ն իրավունքների պաշտպանության լուրջ խնդիրներից է խոսում

Հայաստանի ներքաղաքական կյանքում դիտվող լարվածությունը վերջին շրջանում արտահայտվում է տարբեր միջադեպերով, ընդ որում՝ հանրայնորեն առավել հնչեղ միջադեպերը տեղի են ունենում հենց պետական կառույցներում։ Դրանցից հերթականը գրանցվել է Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակում և նրա մասնակցությամբ։

Փորձագետներն այս լարվածությունը կապում են նախընտրական շրջանի հետ՝  դա բացատրելով նաև հանրության ընկալման վրա ազդելու փորձերով։
Մարդու իրավունքների պաշտպանն այս համատեքստում արձանագրում է, որ Հայաստանում իրավունքների պաշտպանության առումով լուրջ խնդիրներ կան տարբեր մակարդակներում և տարբեր շերտերում։

2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներքաղաքական իրավիճակը նկատելիորեն սրված է։ Խորհրդարանում, քաղաքապետարանում, պատկան այլ կառույցներում հաճախակիացած վեճերը, սպառնալիքները և ատելության խոսքի հանրային դրսևորումները փորձագիտական դաշտում ևս որոշակիորեն կապում են քաղաքական առաջիկա իրադարձությունների հետ։

Այսօրինակ դեպքերի մասին խոսելիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձանագրում է․

«Ես կարծում եմ, որ, ընդհանրապես, հանրային, պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի և բարեվարքության գնահատման ինստիտուտն է, որը, միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի։ Կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով։ Ըստ էության, մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չէ այն մարմինը, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով, բայց նաև համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ»։

Պաշտոնյաների բարեվարքության մասին Օմբուդսմենին ստիպել էր խոսել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Հայհոյանքներ, անվայել պահվածք, ծեծկռտուք, մարմնական վնասվածքներ և ոստիկանություն բերման ենթարկվածներ․ երկօրյա խմորումներից հետո այսպիսի արտառոց իրավիճակ է արձանագրվել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում։ Այս ամենը սկսվել էր համացանցով տարածված բացահայտումից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ակտիվիստ, բլոգեր և Նոր Նորքի բնակիչ Արթուր Չախոյանի հետ մտել էր համայնքում վերանորոգվող թիվ 105 մանկապարտեզի տարածք և ցուցադրել թերի շինարարական աշխատանքները։

-Նայեք, արդեն քանդվում է։ Ձեր ասֆալտը ծաղկում է։ Այս քարն էլ հանենք, մեկի գլխին չընկնի։

300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով վերանորոգումը 550 աշխատանքային օրում պետք է ավարտվեր, և մանկապարտեզը հանձվեր շահագործման՝ պնդում են ընդդիմադիր գործիչները՝ ակնարկելով «Քաղաքացիական պայմանագրին» հարող անձանց շրջանակում կոռուպցիոն ինչ-ինչ գործարքի մասին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այդ թեմայով պարզաբանում էին ներկայացրել՝ հրապարակավ տեղեկացնելով, որ տեղյակ են թերի աշխատանքների մասին, և որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը չի ընդունել աշխատանքը և գումարի մի մասը չի վճարել։ Փոխանցվել էր, որ շինարարի առջև խնդիր է դրվել աշխատանքը ցանկալի արդյունքով ներկայացնել։  

Այս բանավեճը սակայն խմորվեց այնքան, որ երկու օր անց վերաճեց ընդհուպ ծեծկռտուքի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։  

Ակտիվիստ Արթուր Չախոյանը նախ բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա՝ փաստաբանի ուղեկցությամբ տեղափոխվեց հիվանդանոց՝ ըստ առողջապահության նախարարության գնահատման՝ գլխի վնասվածքով, իսկ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը մնաց իր աշխատասենյակում։

Այս միջադեպը բուռն քննարկումներ է առաջացրել նաև Երևանի ավագանու անդամների միջև։ Իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Մեսրոպ Մանուկյան․ «Նիկոլ Փաշինյան, ձեզ համար նորմա՞լ է, որ ձեր իշխանության, ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում է ամենալկտի փողոցային պահվածք։ Մենք իր պատասխանը քաղաքական առումով տվեցինք»։

Անի Խաչատրյան․ «Ես հուսով եմ, որ սադրիչների դեմ, այո, կհարուցվեն քրեական գործեր։ Սա պետության դեմ է, և սա ժողովրդավարություն չի, սա խոսքի ազատություն չի։ Սա արդեն անցնում է բոլոր թույլատրելի սահմանները։ Այս լեզուները «մի քիչ պետք է կտրել», որ իմանան՝ որն է խոսքի ազատությունը ու որն է ամենաթողությունը։ Պետք է այդ երկուսն այս երկրում վերջապես սկսեն տարանջատվել։ Այս ամենաթողության դեմը վերջապես պետք է առնվի պետական մակարդակով։ Սադրանքներ են, որոնք արվում են պատվերով»։

Նախընտրական տարում ներքաղաքական մթնոլորտը թեժացնելու փորձերի առումով մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդհանուր խնդիր է տեսնում․

«Ես ոչ մեկ անգամ եմ արձանագրել, հիմա էլ կարող եմ արձանագրել, որ ինչպես քաղաքական մեծամասնության, այնպես էլ քաղաքական ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնց կողմից ոչ թե պարզապես խոսույթի, այլ ընդհանուր գործունեության տեսանկյունից խնդիրները բազմաթիվ են։ Եվ այդ խնդիրները ոչ միայն մի հարթությանն են վերաբերելի, դրանք վերաբերելի են տարբեր հարթությունների, տարբեր մակարդակների, տարբեր խնդիրների, ու դրանք պետք է լուծումներ ստանան»։

Պետական կարևոր ինստիտուտներից մեկը՝ ԱԺ-ն, որպես ամենաթեժ և քաղաքականապես «բռնկվող» տարածք, որտեղ քաղաքական անհանդուրժողականությունը երբեմն ընդգծված դրսևորումներ է ունենում, որոշել է ինքնուրույն և առանձին լուծում տալ էթիկայի և բարեվարքության հետ կապված խնդիրներին, որոնք առաջանում են ինչպես պատգամավորների, այնպես էլ պատգամավորների և լրագրողների միջև շփումներում։ Այս առումով արդեն քաղաքական որոշում կա՝ հաստատում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․

«Որոշում է կայացվել, որ ստեղծվելու է էթիկայի մշտական հանձնաժողով առավելագույն արագ ժամկետներում։ Ի միջի այլոց, դրա ստեղծման համար մեզ պետք է նաև ընդդիմության համաձայնությունը։ Ես ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, այդ համաձայնությունը կլինի, էթիկայի մշտական հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցերը »։

Այս պահին, սակայն, խորհրդարանում քաղաքական բոլորովին այլ գործընթաց է սկսվել, ընդ որում՝ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությամբ։ Խորհրդարանական երեք խմբակցությունների անդամ և անկախ բոլոր պատգամավորներին նամակներ են ուղարկվել ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ալխաս Ղազարյանի կարծիքով՝ սա իրենց համար մտահոգվելու առիթ չէ, փոխարենը համոզված է, որը քայլը նախաձեռնողների համար սա ընդամենը քաղաքական ուշադրություն գրավելու փորձ է․

«Կասկածում եմ, որ ոչ միայն ես, այլ նաև իմ խմբակցության բոլոր անդամները որևէ ձևով լուրջ կվերաբերվեն այդ գործընթացին։ Նախ՝ հիմքեր չկան, երկրորդը՝ այդ նախաձեռնության հեղինակներն այդ վստահությունը չունեն ոչ մեկի կողմից, այդ թվում՝ ոչ հանրության, ոչ էլ նույնիսկ, կհասկանանք հետագայում, խորհրդարանական ընդդիմության կողմից։ Նախաձեռնությունն ինքն անլուրջ է և, կարծում եմ, էլի եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի ուշադրության կարիք ունեն»։

Կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավորություն այս պահին խորհրդարանում չկա զուտ թվաբանորեն էլ։ Նախագիծը շրջանառության մեջ դնելու համար 36 պատգամավորի ստորագրություն է պետք, մինչդեռ ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Խորհրդարանը նաեւ 4 անկախ պատգամավոր ունի, որոնք հստակ դիրքորոշում այս հարցի առնչությամբ չեն հայտնել։ Անգամ եթե հարցը դրվի շրջանառության, ընդունման համար հարկավոր է պատգամավորների ավելի շատ ձայն։

Կարդացեք նաև

Back to top button