ԿարևորՀասարակություն

Սեռական բռնության մեծ թվով դեպքեր արձանագրվել են Երեւանում, Կոտայքում, Արմավիրում եւ Լոռիում

2020-2024 թթ․ Հայաստանում արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց մոտ 85%-ը կանայք են՝ 140 դեպք։ Արձանագրված դեպքերի մեծ մասը՝ 91, տեղի է ունեցել Երևանում, իսկ մարզերից առավել շատ դեպքեր արձանագրվել են Կոտայքի մարզում՝ 10, Արմավիրի և Լոռու մարզերում՝ 9-ական դեպքեր, ցույց են տալիս «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալները։

Ապրիլը սեռական բռնության դեմ պայքարի և իրազեկման ամիս է։ Այդ շրջանակներում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ը նախաձեռնել էին «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. վաղ կանխարգելում, արդյունավետ պաշտպանություն և պատշաճ ուղղորդում» խորագրով քննարկում և ցուցահանդես։

«Այս ոլորտում խնդիրները բազմաշերտ են։ Առաջնայիններից է մասնագիտական հանրույթի շրջանակում գիտելիքի, հմտությունների և զգայունության պակասը, ինչը հաճախ բերում է հասարակական կարծրատիպերի ամրապնդմանը։ Այդ կարծրացած մոտեցումների հետևանքով բռնության ենթարկված անձը երբեմն չի էլ գիտակցում, որ բռնության զոհ է դարձել, տեղի ունեցածը նորմալ է համարում կամ չի բարձրաձայնում կատարվածի մասին»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը հայտնում է, որ այս նախաձեռնության նպատակն էր ներկայացնել սեռական բռնության կանխարգելման և արձագանքման ուղղությամբ իրականացվող հիմնական քայլերը՝ իրավական կարգավորումների, ոլորտային գերատեսչությունների կողմից ներդրված մեխանիզմների և կարողությունների զարգացման միջոցառումների մասին։

Կարդացեք նաև

Back to top button