
Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Լրատվամիջոցներում հրապարակված տեսագրությունում Երևում է, որ Արթուր Չախոյանը փորձում է հանդիպել Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ շեշտելով, որ նրան ասելիք ունի։
Աշխատակիցներից մեկը Չախոյանին տեղեկացնում է, որ թաղապետը չի պատրաստվում նրա հետ հանդիպել, այնուհետև թաղապետարանի աշխատակիցների և Արթուր Չախոյանի միջև վեճը վերածվում է ծեծկռտուքի, որին մասնակցում է նաև թաղապետը։
Ակտիվիստի և թաղապետի վեճը սկիզբ էր առել դեռ երեկ։ Կառավարության նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է տեղի ունեցածին, նա ասել է, որ կուսումնասիրեն միջադեպը և գնահատական կտան:
Ակտիվիստի եւ Նոր Նորքի թաղապետարանի միջեւ հակասություններն սկսվել են այն բանից հետո, երբ Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել 105 մանկապարտեզից՝ պնդելով, որ այնտեղ վերանորոգումը թերություններով է ընթացել։
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպը:
«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»,- «Հայկական ժամանակ»-ին փոխանցել են քաղաքապետարանից։
Ներքին գործերի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու համար։




