
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին երկրի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցության հաղթանակի կապակցությամբ, երեքշաբթի՝ ապրիլի 29-ին, հայտնել է Կանադայի վարչապետի գրասենյակը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու առաջնորդներն էլ համակարծիք են, որ Միացյալ Նահանգների և Կանադայի միջև համագործակցությունը՝ «որպես անկախ, ինքնիշխան պետություններ», շատ կարևոր է։ Միաժամանակ, Թրամփը և Քարնին ցանկություն են հայտնել հանդիպել «մոտ ապագայում»։
Ապրիլի 28-ին Կանադայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վատթարացման, Վաշինգտոնի կողմից կանադական արտահանման վրա ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու և հարևան երկիրը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին։
Ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո ելույթ ունենալով՝ Մարկ Քարնին խոստացել է վճռական լինել Թրամփի ագրեսիվ քաղաքականության դեմ։
Քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո Կանադայի Լիբերալ կուսակցությունը ընտրություններում ստացել է 169 մանդատ՝ այդպիսով գրեթե ապահովելով բացարձակ մեծամասնություն, որի համար անհրաժեշտ է 172 մանդատ։ Միևնույն ժամանակ, Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը, որը ընտրություններին գլխավորել էր Պիեռ Պուալիևրը, ստացել է 144 խորհրդարանական մանդատ։
Ապրիլի 30-ի առավոտյան Մարկ Քարնիին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։




