ԿարևորՔաղաքական

Հայ-վրացական հարաբերությունները հիմնված են նաեւ քրիստոնեական արժեքների վրա. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր վրացի պաշտոնակցի՝ Միխայիլ Կավելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր կլինի հաստատել։

«Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի աջակցությունը այս հարցում, Վրաստանի ջանքերը խաղաղության և բարօրության ուղղությամբ, ողջունում ենք եռակողմ հարթակի ստեղծման ձեր նախաձեռնությունը և ձեր դերը այս չափազանց կարևոր հարցում»,- ասել է Հայաստանի նախագահը։

Նա նշել է, որ Վրաստանի նախագահի հետ քննարկել են մի շարք միջազգային հարցեր՝ տարածքային և գլոբալ խնդիրներ։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ակտիվ եւ բազմաշերտ հարաբերություններ են հաստատվել, որոնք հիմնված են ռազմավարական համագործակցության, ժողովրդավարական արժեքների, մեր երկրների ինքնիշխանության, ինչպես նաև երկու բարեկամ ազգերի քրիստոնեական արժեքների և ապագայի տեսլականի վրա։

Միխայիլ Կավելաշվիլին իր հերթին գոհունակություն է հայտնել, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական, տնտեսական կապերը։

Երկու նախագահները քննարկել են Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ու խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորության մասին։

Ըստ նրա՝ Թբիլիսում կայացած Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը ևս մեկ անգամ հստակորեն հաստատում է Վրաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում երկխոսությանը, խաղաղությանը և կայունությանը։

Կարդացեք նաև

Back to top button