
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այց է կատարել Էստոնիայի Հանրապետություն։ Տալլինում նա հանդիպել է նաև հայ համայնքի հետ, այցելել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Պաշտոնական հանդիպումներն այցի երկրորդ օրն էին։ Առանձնազրույցներից հետո Հայաստանի վարչապետը Էստոնիայի նախագահի նստավայրում և խորհրդարանում գրառումներ է արել պատվավոր հյուրերի մատյանում՝ բարձր գնահատելով Էստոնիայի աջակցությունը ՀՀ կառավարությանը։
Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական հարաբերությունների ողջ պատմության ընթացքում առաջին անգամ է կազմակերպվել Հայաստանի վարչապետի պաշտոնական այց Էստոնիա։ Նախկինում եղել են նախագահների, խորհրդարանի ղեկավարների և արտգործնախարարների այցելություններ։ Թեև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ 1992 թվականից, բայց, ինչպես ասվում է, «մատների վրա» կարելի է հաշվել փոխադարձ այցելությունները և շփումները։ Անգամ Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի նստավայրը համատեղությամբ Թբիլիսիում է։
Հայաստանն անցյալ տարվանից է կարևորել հարաբերությունների խորացումը նորդիկ–բալթյան երկրների ութնյակի հետ։ Եվ միայն այս տարվա սկզբում է արձանագրվել այդ ձևաչափով առաջին մեծ այցելությունը Հայաստան։
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցին Էստոնիա, ապա առաջինը, ինչն իրեն զարմացրել է Տալլինում, նա արձանագրել է ֆեյսբուքյան գրառմամբ․
«Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ Կառուցող-նորոգողի հետեւից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»։
Էստոնիայի հայ համայնքի հետ հանդիպումը, ի դեպ, վարչապետ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցի առաջին հանդիպումներից էր, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ կառավարության՝ խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։
Հայաստանի վարչապետն այցելել է նաև Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ մասնակցել է աղոթքի․
«Մեր աղոթքն է, որ, պարոն վարչապետ, Ձեզ այն ծրագրերը, որ ունեք՝ խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ։ Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի ԵՄ իր քայլերն անի, որովհետև մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից՝ Տրդատ թագավորը, սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ես համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսել ենք այստեղ, մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է։ Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես Մերձբալթյան երկրների պես, դիցուք՝ Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել»։
Հայաստանի վարչապետի այցի երկրորդ օրը արդեն մեկնարկել են նրա պաշտոնական հանդիպումները։
Նիկոլ Փաշինյանն օրվա սկզբում հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, որի հետ քննարկումը արդյունավետ է բնութագրել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ դա նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Ալար Կարիսը նշել է հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը՝ ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա:
Նա ընդգծել է, որ վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկուստեք հանձնառության մասին՝ Հայաստան-Էստոնիա օրակարգն ամրապնդելու և քաղաքական երկխոսությունը նոր որակի հասցնելու:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Ալար Կարիսը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման հարցեր։
Նորդիկ–բալթյան ութնյակի հետ, որի կազմում է նաև Էստոնիան, Հայաստանը սկսել է խորացված կերպով աշխատել 2024–ից։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 5–ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այդ հանդիպմանն ասել էր․
«Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը: Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորելու, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ: Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրաինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական Միությանը։ Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք»։
Նորդիկ–բալթյան երկրների և Հայաստանի միջև արդեն կա քննարկված օրակարգ, ըստ որի՝ կազմակերպության անդամ երկրները վերահաստատում են հարաբերությունների ամրապնդման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը և ամուր աջակցություն հայտնում Հայաստանի՝ ԵՄ-ի և նրա եվրոպական գործընկերների հետ կապերը խորացնելու ձգտմանը։
Ութնյակը բարձր է գնահատում Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին և շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների ջանքերին։
Նորդիկ-բալթյան երկրներն աջակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի, և ողջունում են նախաձեռնությունները, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային կապերն ու տնտեսական համագործակցությունը։
Նորդիկ-բալթյան ութնյակում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան։




