
Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ապրիլի 28-ին ամբողջ Իրանում հայտարարվել է ազգային սուգ, տեղեկացրել է կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
Իրանի իշխանությունները և լրատվամիջոցները հայտնել են 28 զոհվածի և ավելի քան 1205 վիրավորի մասին։
Շաբաթ օրը Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Մոհաջերանին «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել քիմիական նյութեր պարունակող պահեստում, սակայն դեռևս դժվար է գնահատել դրա ճշգրիտ պատճառը։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Պարսից ծոցի Բանդար Աբբաս նավահանգստից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրի իշխանությունները հանձնարարել են հետաքննություն սկսել։
Իրանի պետական հեռարձակողը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել է Բանդար Աբբաս նավահանգստային քաղաք՝ պայթյունից հետո իրավիճակին ծանոթանալու համար։




