ԿարևորՔաղաքական

Վրաստանի նախագահը Երևան է այցելում հայ-վրացական համագործակցությունը խորացնելու նպատակով

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Տեղեկությունը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքում։ Այցի շրջանակում Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:  

Սա Վրաստանի նախագահի պաշտոնում Միխեիլ Ղավելաշվիլիի առաջին այցն է Հայաստան: «Այն նպատակ ունի խորացնել Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը»,- ասված է նախագահի այցի մասին հրամանագրում։

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն անցյալ տարի ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր՝ պատմական որոշումը համարելով  բարեկամության հզորացման նոր խթան: «Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը», — նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Վրացական պատվիրակության Երևան այս այցի ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերությունների ընթացքը տարբեր ոլորտներում՝ քաղաքականից մինչև առևրատրատնտեսական, որտեղ արդեն աննախադեպ աճ է արձանագրվում:

Վերջին տարիներին Երևանն ու Թբիլիսին սահմանների արդիակացման շրջանակներում վավերացրել են նաև «Երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը:

Հանդիպումների օրակարգում կլինի նաև տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը, հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Հայաստանի վարչապետը, ի դեպ, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջին անգամ ներկայացրել է Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում՝ վստահեցնելով, որ  այն շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և տարածաշրջանի մյուս երկրների համար:

Թբիլիսին շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել չեզոք դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական բանակցություններում։ Վրաստանի նախագահը մինչ Երևան այցը Բաքվում էր, որտեղ ընդգծել է, որ Վրաստանը պատրաստակամ է՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։

Կարդացեք նաև

Back to top button