ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ընդդիմությունն ազդարարում է «թեժացում», իշխանությունը` ակնկալում 50+1 տոկոս ձայն

Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հերթական անգամ ազդարարել են պայքարի դուրս գալու ցանկության և հերթական ընտրություններից առաջ իշխանափոխության ծրագիր ունենալու մասին։ Սակայն ավելի կոնկրետ անելիքների մասին ընդդիմադիր թևերից ոչ մեկը դեռ չի խոսում, թեև վստահեցնում են, որ ծրագրեր ունեն։

Այս թեման կրկին թեժացել է Հանրապետական կուսակցության ղեկավար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո։

Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ Սարգսյանի հայտարարությունները չեն մտահոգում «Քաղաքացիական պայմանագրին»։ Այս ուժի պատգամավորները վկայակոչում են ընտրական համակարգը և համոզմունք հայտնում, որ այն երաշխավորում է հանրության կողմից աջակցություն վայելող ուժերի վերընտրվելու հնարավորությունը։ Միաժամանակ, իշխող թիմը վստահորեն խոսում է առաջիկայում կրկին 50+1 տոկոս ձայներ հավաքելու սպասումների մասին։

Հայաստանյան քաղաքական ուժերը չեն թաքցնում, որ պատրաստվում են մտնել իշխանության համար նոր պայքարի մեջ։ Թեև փակագծեր չեն բացում և խոսում են պայքարի տարբեր ձևերի մասին՝ փողոցային ակցիաներից մինչև իմպիչմենտի հնարավորություն, բայց բոլորի խոսքում «կարմիր թելի» պես նկատելի է 2026-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու և մասնակցելու մտադրությունը։

Տարբեր փուլերում ընդդիմադիր շարժումները առաջնորդող կամ գեներացնող նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն առաջիկայում պայքարի մեջ մտնելու մտադրություն ունեցողներից մեկն է։ Նա չի թաքցնում, որ փորձել են հասկանալ, թե ինչու իրենք պայքարը մինչ այս պահը չեն հաջողել։

«Այս հարցն ամենակարևորն է, որը մենք պետք է ինքներս մեզ տանք, և ոչ միայն ես ինքս ինձ, այլև մնացած այն մարդիկ, մեր քաղաքացիները, որոնք ևս ունեն այդ նպատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում։ Չբացառելով փողոցային պայքարը և մնացած գործիքները, որով հնարավոր կլինի հեռացնել այս իշխանություններին, ամեն դեպքում, որպես քաղաքական ուժ, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք 2026 թվի ընտրություններին։ Պայքարելու ենք, բայց եկեք ժամկետներ չնշենք»։  

Որպես հաջողության նախադեպ` ընդդիմությունը դիտարկում է Գյումրիի և Փարաքարի համայնքային իշխանությունների ընտրությունների արդյունքները։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագրում» չեն կարծում, որ խոշոր պարտություն են կրել, օրինակ, Գյումրիում։  Պատգամավոր Կարեն Սարուխանյանը հակադարձում է` ընդգծելով, որ Գյումրիի ավագանիում իշխող կուսակցությունն առանձին վերցրած էլի ամենաշատ ձայներն է հավաքել։

«Վստահ եմ, որ մեծամասնություն կկազմենք՝ շփվելով քաղաքացիների հետ, ամենօրյա աշխատանք տանելով։ Մենք շատ կարևոր արձանագրում արեցինք, դա մեզ տված ձայների քանակն էր։ Այո, միանշանակ ընդունում եմ՝ 50+1 չէ, բայց ամենաշատ ձայներն են ստացել, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի ամենաշատ մանդատները այսօր Գյումրիի քաղաքապետարանում և, բնականաբար, իր անելիքները շատ մեծ են, և մենք դա իրացնելու ենք։ Քաղաքային իշխանության ձևավորման օրակարգին չենք մասնակցել, որը առաջին նիստին էր, բայց քաղաքին վերաբերող ու քաղաքին տանջող բոլոր հարցերի շուրջ բոլոր հարցերին մենք ակտիվ ներգրավվածություն կունենանք»։     

Իշխանական պատգամավորները շեշտը դնում են նրա վրա, որ իրենց խաղաղություն բերող ուժ են համարում, և վկայակոչում են համեմատաբար խաղաղ համարվող 2024 և 25 թվականները՝ բացառությամբ վերջին մեկ ամսվա, երբ ադրբեջանական կողմը փորձում է ապակայունացնել իրավիճակը Սյունիքի սահմաններին մոտ։ Բայց անգամ այդ պայմաններում ՔՊ-ում վստահ են, որ Խծաբերդ, Խնածախ և մյուս սահմանամերձ տարածքների բնակիչներն առաջիկա ընտրություններում քվեարկելու են հենց իրենց` խաղաղություն բերել փորձող ուժի օգտին։

Քաղաքական այլ հաշվարկներ են վկայակոչում ընդդիմադիր դաշտից։ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը վստահ է, որ առաջիկա գործընթացներում քաղաքացիները հավանություն չեն տա և հատկապես չեն հրաժարվի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի վկայակոչումից։

«Եթե եկող կիրակի լինի Հանրաքվե, ապա այդ Հանրաքվեն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում։ Մենք առանց ծրագրի չենք գործ անում, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակել»։   

Հանրապետության երրորդ նախագահը համարում է, որ փողոցային պայքարը հաջողելու համար ժամանակը հասունացել է։ Ենթադրում է, որ նախկին ձախողումները սխալ ընտրված ժամանակի հետևանք էին։

Մեկ այլ հարց է հենց ընդդիմության շարքերում եղած տարաձայնությունը։ Այն առնչվում է, թե՛ պայքարի ձևերին, թե՛ ժամկետներին և թե՛ մասնակիցներին։ Ժամկետը հանրապետականների շրջանակում պատկերացնում են հերթական ընտրություններից ավելի շուտ, իսկ Սարգսյանի և Քոչարյանի թիմակիցների հեռակա վեճին ու փոխադարձ մեղադրանքներին առնչվող հարցերին Սերժ Սարգսյանը չի ցանկանում պատասխանել՝ հորդորելով հանգիստ թողնել նաև Ռոբերտ Քոչարյանին։ Ո՞վ է առաջնորդելու ընդդիմության առաջիկա պայքարը, որի մասին անոնսում են, և արդյոք ինքն իրեն տեսնո՞ւմ է առաջնորդի դերում. Սերժ Սարգսյանը պատասխանում է․

— Ով այդ առաքելությունը կարողանա ստանձնել։

Իսկ դուք պատրա՞ստ եք ստանձնել երկրի ղեկավարումը նորից։

Ոչ։

Իշխանական թևում մտահոգված չեն ընդդիմության մտադրություններից։ Նախ՝ վստահեցնում են, որ, ի տարբերություն ընդդիմության, իրենց շարքերում տարաձայնություններ չկան։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Ալխաս Ղազարյանը նաև համոզված է, որ ընդդիմությունն այս պահին չունի  բավարար աջակցություն  հանրության կողմից։

«Իշխանության փոփոխությունն առհասարակ այսուհետ պետք է լինի բացառապես ընտրությունների միջոցով։ Մենք կարողացել ենք ապահովել այնպիսի ընտրական պրոցեսներ, որպեսզի ցանկացած մարդ, ով իսկապես ունի ժողովրդի աջակցությունը, կարողանա ընտրություններով ընտրվել։ Որպես քաղաքական ուժ` մենք էլ ենք որոշ բաների վրա ուշադրություն դարձնում, վերլուծություն անում, փորձում հնարավորինս ամեն ինչ շտկել, նորմալացնել և այլն։ Չգիտեմ, որպես քաղաքական ուժ, բնականաբար, մտածում ենք 2026 թվականի մասին։ Կանխատեսումներ չեմ ցանկանում անել, բայց այն խմբակները, որոնք անընդհատ փորձում են ներքաղաքական կյանքը պղտորել, միտում ունեն, ես կարծում եմ, որ այն գործընթացները, որոնք ՀՀ-ում կատարվում են, այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունենում ընդհանուր առմամբ, հնարավորինս ստվերեն։ Ես ուղղակի կոչ կանեի, եթե այդքան վստահ եք ձեր ուժերին, ունեք աջակցություն, վստահ եք, որ կկարողանաք ձայներ ունենալ, ինչի՞ համար է հիմիկվա այս աժիոտաժը»։

Ամեն դեպքում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները համոզված են և բոլոր հարցազրույցներում խոսում են հերթական ընտրություններում քաղաքացիների 50+1 տոկոս ձայները ստանալու և կրկին մեծամասնություն կազմելու ակնկալիքի մասին։

Կարդացեք նաև

Back to top button