
ԵՄ աջակցությամբ «Համայնքայինհամախմբմանևաջակցությանկենտրոն» ՀԿ-ն մեդիաոլորտի աշխատողների համար կազմակերպել է արշավ, որի շրջանակում նրանք ծանոթացել են խնդիրներին, որոնց բախվում են Լոռու և Տավուշի մարզերի՝ Դեբեդ գետից տնտեսապես օգտվող համայնքների բնակիչները: Արշավի մասնակիցները, որպես ամփոփում, իրենց դիտարկումներն են փոխանցել պատկան կառույցներին։ Ընդգծվել է, որ Դեբեդի ջրով այգի ոռոգող այգետերերն ակնկալում են, որ պետությունը մշակի գետի պահպանության ազգային ռազմավարություն:
Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Մերուժան Դավթյանը դեռ 2024-ի մայիսյան ջրհեղեղի հասցրած վնասներից է խոսում․ դրանք իրենց հիշել են տալիս մինչ օրս․
«Նույնիսկ հողեր կան, որ ամբողջն է տարել, ծառեր էլ չկան, հողն էլ չկա, մնացել են քարերը»։
Զրուցակցիս խոսքով՝ Դեբեդի էկոլոգիական խնդիրներից ամենալուրջը դրա աղտոտումն էքիմիական նյութերով։ Տարիներ է՝ բարձրաձայնում են, բայց անհրաժեշտ քայլերի դեռ շարունակում են սպասել։

«Ախթալայի քիմգործարանը քիմիական նյութերը լցնում է Դեբեդը, մենք էլ էդ ջրով ոռոգում ենք։ Մեր արտադրած դեղձը եկավ ձեր քաղաք, դուք սնվում եք ծանր մետաղներով»։
Հարևանը՝ Վանիկ Հակոբյանը, պատմում է, որ առավոտյան ժամերին տեսել է, որ գետի ջրի գույնը փոխված է լինում։

«Ժամը 8․30 գալիս ենք այգի, արդեն ջուրը սկսում է պարզվել։ Ջուրը գնում է, բայց տակը մնում է էդ ամեն ինչը։ Դրանով ոռոգված ծառի, հողի բերքը հանում ենք շուկա, վաճառում, կարող է՝ դուք էլ եք ուտում էդ մրգից»։
178 կմ երկարությամբ Դեբեդի 152 կմ-ն անցնում է Հայաստանի տարածքով։ Այս գետի ջրով են ոռոգվում Լոռու և Տավուշի այգիներն ու ցանքերը։ Ժամանակին այս շրջաններում տարեկան մինչև 30․000 տոննա դեղձ էր ստացվում, հիմա այգիները գնալով փոքրանում են, չորանում՝ մասնագիտությամբ գյուղատնտես Դերենիկ Բեջանյանն է ասում։ Լոռու մարզից Սամվել Սիրադեղյանն էլ է դեղձի այգիներ ունեցել։ Տարիների ընթացքում չորացել են։ Դատարան է դիմել՝ տնտեսական ու առողջությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով․

«Դիմել ենք դատարան՝ ընդդեմ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի՝ առողջական ու տնտեսական վնասի փոխհատուցման պահանջով։ 10 տարուց ավելի կոմբինատը պոչամբար է շահագործում, որի ջրերը լցվում են Դեբեդ գետը։ 1․3 հա հող ունեմ, որտեղ պոչամբարի պոչանքներն են նստում։ Մի քանի տարվա ընթացքում դեղձի այգիս չորացավ»։
Դեբեդի ավազանի այգետերերը և բնապահպաններն էկոհամակարգի խնդիրներն են մատնանշում ու պնդում՝ պետությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի կենսական կարևորության այս գետը փրկելու աղտոտումից՝ հանքարդյունաբերական թափոնաջրերից, կոյուղաջրերից ու պլաստիկ թափոններից։

50 տարվա մանկավարժ, քիմիկ-կենսաբան Սուրեն Միքայելյանը մասնագիտորեն բացատրում է՝ ծանր մետաղներով հագեցած ջրով այգիներ են ոռոգվում, ստացված բերքի միջոցով նույն թույնը մարդկանց օրգանիզմ է հասնում։ Վնասը շղթայական է։

«Հատկապես գիշերն է բացվում, կաթնագույն ոնց որ լինի, մի 20 տարի առաջ էլ յոդի գույնի ջուր էր գնում, մանր ձկները սատկում էին։ Դրա հետևանքները թեկուզ ուշ, անհնարին է, որ չթողնի։ Ծանր մետաղներ կան՝ ցինկ, արսենիում, սելեն, կապար։ Նշածս էլեմենտները հիմնականում քաղցկեղածին են»։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»-ը և չեխական «Առնիկա» ՀԿ-ն 2018-21 թթ․Թումանյանի և Ստեփանավանի հանքարդյունաբերական տարածքներում համատեղ հետազոտություն են արել: Հողից, ջրից, մեզից ու մազերից վերցված նմուշները փորձաքննվել են Չեխիայի հավաստագրված լաբորատորիաներում։ Դրանցում ծանր մետաղները մի քանի անգամ գերազանցել են նորման: Բնապահպան-իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ քննարկումների արդյունքում եզրահանգել են, որ պետությունը պետք է մշակի Դեբեդի պահպանության ազգային ռազմավարություն։

«Ունենք գետ բազմաթիվ խնդիրներով։ Որպեսզի կարողանանք այդ խնդիրները համապարփակ լուծել, պետք է պետական մոտեցում, գետը պետք է ունենա հատուկ կարգավիճակ։ Այդռազմավարությունը պետք է սահմանի, թե ՏԻՄ-երը ինչ պետք է անեն գետի պահպանման հետ կապված»։

Օրերս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել էր, որ Լոռիում պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի տեսուչին: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մասին է, որի տնօրենը կոռուպցիոն գործարքով փորձել է կեղծել գետի ջրի նմուշները: Մեղադրանքներ են ներկայացվել ընկերության տնօրենին, աշխատակցին և տեսչական մարմնի տեսուչին։ Լրատվամիջոցների հետ զրույցում լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը վստահեցրել էր, որ իրենք նման խնդիր չունեն, մեղադրանքների մասին էլ չի լսել։ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանի տեղեկացմամբ՝ նախաքննությունն ավարտվել է: Դատախազի մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան:




