
Աշխարհը քաղաքական բիզնեսի տրամաբանությամբ է մտածում, և մարդկային արժեքները մի կողմ են դրվել, հենց այդ պատճառով է, որ ցեղասպանությունները կրկնվում են՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել արգենտինահայ Խուան Պաբլո Գեչիջյանը: Նա ուղեկցել է Արգենտինայից ու Բրազիլիայից ժամանած իրավաբանների, լրագրողների ու փաստաբանների պատվիրակությանը։
Արգենտինայից և Բրազիլիայից ժամանած իրավաբանների, լրագրողների ու փաստաբանների պատվիրակության անդամներն առաջին անգամ են Հայաստանում։ Ծիծեռնակաբերդի բարձունք եկել են՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։ Պատվիրակությանն ուղեկցող մեր հայրենակից Խուան Պաուլո Գեչիջյանը մեզ հետ զրույցում ասաց․
«Նրանք հայ չեն, բայց այստեղ են՝ կանգնած հայության կողքին։ Եվ կարևոր են համարում, որ այս օրը այստեղ են՝ Հայաստանում»։
Ծիծեռնակաբերդ եկած խմբի անդամները գիտեն տեղի ունեցածի մասին, գիտեն, որ 100 տարի անց էլ է Ցեղասպանության թեման արդի․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն է դրա մասին է վկայում՝ ասում է Խուան Պաուլո Գեչիջյանը։
«Այստեղ գալիս ենք, որ աշխարհն իմանա` ինչ են արել հայերի հետ թուրքերը, և, ինչպես 110 տարի հետո, ոչինչ չի փոխվել: Մեր նպատակն է՝ այդ ձայնը բարձրացնել՝ ինչպե՞ս կարող է 100 տարի անց ոչինչ չփոխվել։ Շատ երկրներ խոսում են ազատության մասին, դեմոկրատիայի մասին, բայց երբ դիկտատորները ցեղասպանություն են իրականացնում, ոչ մի բան չեն ասում»։
Զրուցակցիս խոսքով՝ այսօր քաղաքական շահերն են կարևոր, դրա համար ցեղասպանությունները չեն կանխվում: Գեչիջյանը հավելեց, որ Արգենտինայում և Բրազիլիայում բոլորն էլ հասկանում են, որ Արցախում ցեղասպանություն է կատարվել, որ ժողովուրդը ստիպված է տեղահանվել, որ այսօր փորձ է արվում Արցախից ջնջել հայի հետքը, որը հազարամյակների ընթացքում է դրվել։
Աշխարհը պետք է խոսի, ժողովուրդները պետք է պահանջեն կանխել հնարավոր ցեղասպանությունները՝ ասում է Պաուլո Գեչիջյանը։ Նրա փոխանցմամբ՝ հենց այս նպատակով իսպանալեզու պատվիրակության կազմում Հայաստան այցելած լրագրողները պատրաստում են հրապարակումներ Բրազիլիայի և Արգենտինայի ամենաընթերցվող իսպանալեզու հեղինակավոր պարբերականների համար։
«Ցեղասպանություն» երևույթին արձագանքելու կարևորությանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ակադեմիկոս Յուրի Սուվարյանը՝ նկատելով, որ դրա անպատժելիությունն է, որ շարունակում է նոր ցեղասպանություններ ծնել.
«Սա շարունակվել է մինչև Արցախի էթնիկ զտումը։ Մենք պիտի մեզ հարց տանք՝ ինչու՞ է այդ երևույթը տեղի ունենում մեր ժողովրդի հետ, ի՞նչն է պատճառը, և ինչպես կանխենք նման երևույթները։ Ես կարծում եմ, ուղղակի, մեր հարևան ժողովուրդը (ես նույն ժողովուրդն եմ համարում ադրբեջանցիներին ու թուրքերին), իրենց պատմությունն են կերտում մեր հաշվին, մեր պատմությունը կեղծելու հաշվին, մեր տարածքներն են գրավում՝ իրենց պետությունը մեծացնելու հզորացնելու համար»։
Նման իրավիճակում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրական հաշտությունը հնարավոր չի համարում ակադեմիկոսը։ Նման դիտարկման է նաև «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Այսօրվա իրողության մեջ Հայոց ցեղասպանությունը հավելյալ արդիականություն է ստացել, որովհետև երկու տարի առաջ մենք տեսանք այդ ցեղասպանության շարունակումը Արցախում։ Պայքարը շարունակվում է արդարության հաստատման, մեր իրավունքների վերականգնման համար»։
Հարևան երկրներին սիրաշահելով անվտանգություն ձեռք բերել հնարավոր չէ՝ կարծում են զրուցակիցներս։ Դրա համար անհրաժեշտ է երկկողմանի հարաբերություններ հաստատելու ճիշտ դիվանագիտություն և երկրի ամրացում բոլոր առումներով։




