ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վկայում են ականատես վավերագրողները․ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Դրանք ժամանակի լրագրողների, դիվանագետների, զինվորականների, թարգմանիչների 70-ից ավելի վկայություններ են։ Ցուցադրությունը ժամանակավոր է, գործելու է մինչև 2026թ ապրիլի 24–ը։

1916թ, Լոնդոն․ լույս է տեսնում բրիտանացի պատմաբաններ Ջեյմս Բրայսի ու Առնոլդ Թոյմբի «Հայերի վիճակն Օսմանյան կայսրությունում 1915-1916» փաստաթղթերի ժողովածուն։ Սա Հայոց ցեղասպանության մասին առաջին հիմնարար վկայությունն է՝ արձանագրոմ է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Նրանք առաջինը փաստագրեցին հայ ժողովրդի դեմ ծրագրավորված ցեղասպանությունը՝ որպես ականատեսներ։ Էդիտա Գզոյանը մի հատված է մեջբերում գրքից․

 «Փաստորեն ամբողջ ազգը բնաջնջվել է, ես չեմ կարծում, որ հանցագործությունների պատմության մեջ եղել է այդքան սարսափելի ու այսքան մեծ մասշտաբի դեպք։ Այս մարդկանց մահը Թուրքիայի կառավարության ղեկին կանգնած ավազակախմբի կանխամտածված ու համակարգված կոտորածների հետևանքն է, կոտորածների հրամանները գալիս են Կոստանուպոլսից»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Գերմանացի սանիտարական կորպուսի լեյտենանտ Արմին Վեգները, որ 1915թ շրջում էր հայերի համակենտրոնացման ճամբարներում, գրում է․

«Թվում էր, թե ճակատագրի ձեռքով անապատի եզրին հավաքվել էին այս աշխարհի բոլոր սարսափները՝ մեկ անգամ ևս ցույց տալու, թե ինչ է մեզ սպասվում։ Սարսափը ճնշեց ինձ այն աստիճան, որ սրտիս խելագար զարկերով փախա ճամբարից։ Թեև քայլում էի հարթ հողի վրա, գլխապտույտ էի զգում՝ ասես գետինը պատրաստվում էր բացվել ու դառնալ խորը անդունդ»։

Օսմանյան կայսրության սրտում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն փորձում էր Թալեաթին համոզել, որ դադարեցնի հայերի կոտորածը։ Նրա՝ Վաշինգտոն ուղարկած գաղտնի հաղորդագրությունները բացահայտում էին այն ամենը, ինչ տեղի էր ունենում հայերի հետ։

Ցեղասպանության թանգարան– ինստիտուտում ներկայացված են 7 տասնյակից ավելի ականատես վավերագրողների վկայություններ 1915թ ապրիլյան այս օրերի մասին։ Առանձնահատուկ ու խորը․ ներկայացված վկայությունները այսպես է բնութագրում թանգարան– ինստիտուտի գիտաշխատող, ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանը։ Օտարերկացիների վկայությունները փաստում են, որ աշխարհը տեղյակ էր, թե ինչ է կատարվել հայերի հետ 1915 թվականին։  Զրուցակիցս առանձնացնում է  թուրքերի վկայությունները․

«Օրինակ, ներկայացված է  օսմանյան շեյխ իսլամ Իբրահիմ Հայդարզադեի «Քարոզչություն մեր դեմ » հոդվածը։ Այստեղ նա նշում է, որ այսօր՝ 1920 թվականին, թուրքական հարեմներում հայ կանանց թիվը մոտավորապես 100 հազարի է հասնում, այսօր կանանց ստրկավաճառությունը չափազանց վատ դրսևորումներով է ի հայտ գալիս»։

Ականատեսներիվկայությունները նաև հուզական ու հոգեբանական կողմն են ներկայացնում, հատկապես միսիոներների, որոնք շփվում էին հայերի հետ։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյան․

«Ալմա Յոհանսոն․ ամենուր թուրքերն էին նստած․ պատմում էին, թե նախորդ օրերին ինչպիսի քաջագործություններով էին սպանել իմ որբանոցի երեխաներին։ Մի ոստիկան պարծենում էր, որ ինքը մեր մանուկների այրողներից մեկն է եղել։ Նա պատմում էր, թե ինչպես էին նրանք զվարճանում՝ կրակելով այրվող երեխաների մարմինների վրա։ Իմ մանուկները․ չէ ՞որ ես սիրում էի նրանց իմ երեխաների պես»։

«Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրության նպատակ ունի փաստելու, որ Հայոց Ցեղասպանությունը ամենափաստագրաված հանցագործություններից մեկն է, և որի մասին տեղյակ էր քաղաքակիրթ աշխարհը՝ ամփոփում են կազմակերպիչները։ Ցուցադրությունը գործելու է մինչև 2026թ ապրիլի 24–ը։

Կարդացեք նաև

Back to top button