ԿարևորՄիջազգային

Թրամփը վրդովված է Ղրիմի վերաբերյալ Զելենսկիի հայտարարություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որն ասել է՝ Ուկրաինան «չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։

«Այս հայտարարությունը չափազանց վնասակար է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար, քանի որ Ղրիմը հանձնվել է տարիներ առաջ նախագահ Բարաք Օբամայի օրոք և նույնիսկ քննարկման ենթակա չէ», — գրել է Թրամփը Truth Social-ում։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Զելենսկիից ոչ ոք չի պահանջում Ղրիմը ռուսական տարածք ճանաչել։ «Բայց եթե նա ուզում է Ղրիմը վերադարձնել, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի»,-հարցրել է նա։

Թրամփն ասել է, որ Զելենսկիի «սադրիչ հայտարարությունները» շատ են դժվարացնում բանակցությունները։ «Նա կարող է ընտրել խաղաղությունը կամ շարունակել պատերազմը ևս երեք տարի՝ ի վերջո կորցնելով ամբողջ երկիրը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նույն օրը՝ ապրիլի 23-ին, Լոնդոնում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդակցությունները՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նախատեսված էր ԱՄՆ դիվանագետների մասնակցությունը, սակայն պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր այցը Լոնդոն՝ նախորդ օրը՝ ապրիլի 22-ին, Ղրիմի վերաբերյալ Զելենսկիի հայտարարությունից հետո։

«Սա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը: Այստեղ խոսելու ոչինչ չկա»,- ասել էր Ուկրաինայի ղեկավարը ճեպազրույցում:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը ներկայացնում էր ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում, ասել է, որ հանդիպման մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին»։ «Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին իրենց ամուր աջակցության և պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու ընդհանուր ջանքերի համար»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։

Կարդացեք նաև

Back to top button