ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կանանց խնդիրները՝ ոչ կանացի թեմա․ կառավարությունը հաստատեց գենդերային քաղաքականության նոր ռազմավարությունը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման նոր՝ 2025-2028 թվականների ռազմավարությունը։ Նոր ծրագրով կարևորվում է կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածությունը բոլոր ոլորտներում՝ պետական կառավարման համակարգից մինչև կլիմայական քաղաքականություն։ Վարչապետ  Փաշինյանը նիստում ընդգծել է կանանց ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունն ու անդրադարձել նաև տղաների կրթության ոլորտում պասիվության մտահոգիչ միտումներին։ Վիճակագրական տվյալների ու մտահոգիչ գնահատումների մասին՝ Կարեն Ղազարյանի ռեպորտաժում։

Հայաստանի գենդերային քաղաքականության  2025-2028 թվականների ռազմավարության հիմնական նպատակն է՝ ապահովել կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ՝ պետական կառավարման, տնտեսության, կրթության, առողջապահության, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման և կլիմայի փոփոխության ոլորտներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի փոխանցմամբ՝ նոր ռազմավարությամբ սահմանվել է վեց գերակայություն։

Դրանց թվում են՝ գենդերային հավասարության պետական կառավարման և քաղաքականության մեջ, աշխատաշուկայում, կրթական ու գիտական, առողջապահական ոլորտներում։ Առանձնակիորեն կարևորվում է գենդերային բռնության դեմ պայքարը։

«Այսպիսով, գերակայություններն ուղղված են նշված ոլորտներում կանանց ու տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման համար բարենպաստ ու դրական միջավայրի ստեղծմանը, իսկ նախատեսվող գրեթե բոլոր միջոցառումները միտված են լինելու ոլորտային օրենսդրության բարելավմանը, իրազեկման ու վերապատրաստման ծրագրերի իրականացմանը՝ նպաստելով կարողությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ու ներուժի բարձրացմանը, կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ու բռնության բացառմանը»։    

Նպատակադրումը հստակ է՝ հանրության ներուժն առավելագույնս կիրառելու խնդիր է լուծվում՝ շեշտեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը.  

«Հանրության ներուժը մաքսիմալ ներդրվի կամ ներառվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով»։

Վարչապետն անհրաժեշտ է համարում ուշադրության առնել հատկապես կրթության ոլորտում աղջիկների և տղաների ներգրավվածության տարբերությանը։

«Օբյեկտիվ և սուբյեկտիվ գործընթացներ կան, անզեն աչքով  նկատելի է, որ օրինակ՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները։ …Մենք նաև սրա ապացույցն ունենք, քանի որ օրինակ՝ տեխնոլոգիական ոլորտում կանանց ներգրավվածության համաշխարհային ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք»։

Այս վիճակը խորը խնդիրների հետևանք է համարում գործադիրի ղեկավարը։

«Դա նաև վկայում է մեր երկրում առկա խորը պրոբլեմների մասին։ …Դրանց մի հսկայական հատված կապված է քրեական ենթամշակույթի ազդեցությամբ տղաների աշխարհընկալման հետ։ …Պետք է մշակել քաղաքականություններ, թե ինչպես անել, որ տղաներին մոտեցնենք գիտելիքին, կրթությանը»։

Փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց նաև Գլոբալ գենդերային զեկույցից որոշ նոր ու ուշագրավ տվյալներ։ Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի 2024 թվականի զեկույցի՝ Հայաստանը 146 երկրների շարքում 64-րդ տեղում է։ 2022 թվականին եղել է 89-րդը։

«Հայաստանն ավանդաբար ամենաբարձր միավորները հավաքում է կրթական և առողջապահական ցուցանիշներում, մինչդեռ տնտեսական և քաղաքական մասնակցության մասով ցուցանիշները ցածր են մնում»։

Իսկ ԱԺ-ում կանանց ներկայացվածության մասով որոշակի առաջընթաց գրանցվել է՝ եզրափակեց փոխնախարարը.

«Եթե 2020 թվականի քվոտավորումից հետո ԱԺ-ում կանայք կազմում են 36.4 տոկոս, ապա նախկինում այդ թիվը եղել է ընդամենը 18 տոկոս»։  

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ խնդիրներ կան, և պետք է հետազոտել, ձևակերպել հարցերն ու ստանալ պատասխաններ, իսկ եթե պատասխանները չեն բավարարում,   մտածել լրացուցիչ միջոցառումներ  ու ծրագրեր՝ գենդերային  խնդիրները լուծելու համար։  

Գենդերային խնդիրների թեմային արձագանքեց ԱԳ նախարարը։ Արարատ Միրզոյանը  կարծում է, որ վաղուց ժամանակն է խոստովանենք, որ ՀՀ-ում կա խտրականություն կանանց նկատմամբ։ Միրզոյանի ձևակերպմամբ՝   ՀՀ-ում կա բռնություն կանանց նկատմամբ եւ կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց դա կա նաեւ Երեւանում։ Մեր հասարակությունում կա այդպիսի թեմաներ, որոնց վերաբերյալ սեղանների շուրջ ընդունված է ճոռոմ բառեր ասել եւ կենացներ խմել, օրինակ, այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ»։ Նա ասաց, որ վճռական ու անողոք պայքար պետք է մղել ընտանեկան բռնության դեմ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այս առումով հավելեց․

«Իմ կարծիքով՝ ընտանեկան բռնության պատճառը ոչ թե այն է, որ բռնությունը գործադրվում է մարդու նկատմամբ, որ նա կին է, այլ նրա համար, որ նա իր կինն է»։

Նիստում տեսակետերի բախում էլ եղավ․ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հակադրվեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանին։ Առանցքում գնահատումն էր՝ կա՞ Հայաստանում գենդերային խտրականություն, թե ոչ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ իրենց կառույցի գնահատումը փոխանցեց՝ Հայաստանում խտրականություն ու գենդերային խնդիրներ իսկապես կան։ «Իրականում տղաներին, բացի հայհոյանք սովորեցնելուց, նաեւ սովորեցնում են, թե ինչ մակարդակով է պետք է խնդիրները լուծել, բռնությունն ինչ կարեւոր դերակատարում կարող է ունենալ կամ, եթե լացեցիր, իսկական տղա չես։ Սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսեւորումներ ենք, նաեւ տղամարդկանց հետ կապված խտրական դրսեւորումներ են»,- նշեց Մանասյանը։ Թեման լուրջ քննարկումներ է պահանջում՝ ի վերջո արձանագրվեց նիստում։

Կարդացեք նաև

Back to top button