Մատենադարանի ժապավենաձև hմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717 թվականով։ Այն Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Իոննա Ռապտին։ «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» արշավի շրջանակում Մատենադարանն արժեքավոր բազմաթիվ համալրումներ է ունեցել։
Եղել են ժամանակներ, երբ հմայիլները կենցաղի անբաժան մասն են եղել․ մարդիկ համոզված են եղել, որ դրանք հաջողություն կամ անհաջողություն են բերում, պաշտպանում են կամ զրկում պաշտպանությունից։
Հանրության ընկալումներում համայիլները հաճախ նույնացվել են թուղթուգրի հետ, ինչն այդքան էլ այդպես չէ՝ ասում է Մատենադարանի ձեռագրատան վարիչ Դավիթ Ղազարյանը։
«Այն գալիս է նախաքրիստոնեական շրջանից , օրինակ՝ այս սև հավի ածած ձվի վրա, պահի մի քանի անգամ կարդա կամ արյունը հանի գրի թղթի վրա,որ կարողանաս գիշերը հանգիստ քնել։ Այսինքն մի բան, որը հակասում էր քրիստոնեությանը։ Եկեղեցին այն մաքրեց ներմուծելով Գրիգոր Նարեկացուց, Նարեկից հատվածներ,Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»–ը։ 4 Ավետարանից հատվածներ,որոնք կապված են բժշկության հետ։ Եվ այս առումով փոխվեց իրականությունը»։
Մատենադարանն աշխարհում հայերեն ժապավենաձև հմայիլ– ձեռագրերի ամենամեծ հավաքածուն ունի՝ 572 միավոր։ Դրանք թվագրվում են 15-րդից մինչև 20-րդ դարով։ Մատենադարանում պահվող օրինակներից ամենահինը 1428 թվականի հմայիլն է Մուֆարղինից՝ գրված Սիմիոն Դպիրի ձեռամբ։ Արժեքավոր հավաքածուն վերջերս համալրվեց ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717 թվականով։ Սոսնձված գլանաձև թղթերում մանրանկարներ են պատկերված և հմայիլներին հատուկ աղոթքներ։ Երկարությունը հասնում է 480 սմ–ի։
«Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի հայագետ Իոննա Ռապտին։ Այն տպագրվել է Կոնստադնապոլսում,Աստվածատուր Կոնստանդնապոլսու տպարանում»։
Հմայիլների վրա հաճախ սև թանաքով ջնջված հատվածներ կամ վնասված մասեր են հանդիպում։ Դավիթ Ղազարյանն ասում է, որ երբ հմայիլը վաճառվել է, դրա նոր տերը թանաքով ջնջել կամ թուղթ է փակցրել այն հատվածի վրա, որտեղ երևում է նախորդ տիրոջ անունը։
«Երբեմն լինում է, որ մի հմայլի վրա մեկ տասնյակի հասնող անուների շարք կա։ Ջնջում էին, որ նախկինի ազդեցությունը հանեին հմայիլի վրայից»։
Ձեռագրատան ղեկավարի խոսքով՝ ամեն նոր ձեռագիր նոր հույզեր է առաջացնում։ Հետաքրքիր նմուշներից առանձնացնում է Արբերթի Ավետարանը, որը 15-րդ դարում է գրվել։ Այս եզակի նմուշը ձեռք է բերվել աճուրդով։
«Այդ Ավետարանը Մատենադարան բերեց հենց աճուրդի վաճառողը։ Երբ նա մտավ՝ Ավետարանը ձեռքին, մեր աշխատակիցները ֆոնդապահները մոտեցան Ավետարանին ու համբուրեցին։ Շատ հուզիչ էր։ Այդ անձը զարմացած նայեց ու չզսպեց իր տպավորությունը՝ ասելով, որ երկար տարիներ է՝ աշխատում այս ոլորտում ու առաջին անգամ է տեսնում նման վերաբերմունք ձեռագիր մատյանի նկատմամբ»։
«Մատյանների տունդարձ» արշավի շրջանակում Մատենադարանի հավաքածուն համալրվել է բարերար Վահե Բադալյանի նվիրաբերած՝ Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1454 թ․ Սասունի Մզուք գյուղում, որը ժամանակին հայ գրչության կենտրոն է եղել: Ծաղկողի անունը հայտնի չէ, բայց մանրանկարները, ըստ մասնագետների, պատկանում են Վասպուրականի դպրոցին:
«Նվիրատուին շնորհվեց «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալը, որը հանձնվեց բարերարի որդուն՝ Ռոման Բադալյանին»:
«Մատյանների տունդարձ» արշավը վերջնակետին դեռ չի հասել․ բաղձալի նպատակը աշխարհի բոլոր հայ ձեռագրերի վերադարձն է տուն՝ Մատենադարան։




