
ԱՄՆ իշխանությունները պահանջում են մասնատել Google ընկերությունը՝ որոնման ոլորտում իր մենաշնորհի պատճառով՝ գրում է The New York Times-ը: 2024թ․ օգոստոսին Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը վճռել էր, որ Google-ը մենաշնորհային դիրք է գրավում համացանցային մի շարք ծառայությունների մասով, իսկ այսօր արդեն ԱՄՆ իշխանությունները պահանջում են, որ այն մասնատվի, և Google-ի առանձին ծառայությունների մենաշնորհը վերացվի։ Փորձագետները, սակայն, մտահոգություններ ունեն։
ԱՄՆ իշխանությունները պահանջում են մասնատել Google-ը՝ հաշվի առնելով դրա՝ մենաշնորհային դիրք գրավելը։
Google-ը մենաշնորհային դիրք գրավող է գնահատվել նախորդ տարի Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանի կողմից, և այժմ ընկերությունը կարող է ստիպված լինել մասնատվել՝ վաճառքի հանելով Chrome-ը, իսկ ավելի ուշ՝ Android-ը, որպեսզի արդյունքում ավելանա դաշտում մրցակցությունը՝ գրում է New York Times-ը: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի փաստաբան Դեյվիդ Դալքվիստը դատական նիստում, մասնավորապես, հիմնավորել է ՝
«Երբ ավարտվի Chrome-ի վաճառքը, ոլորտի այլ մասնակիցների հնարավորություն կտրվի մուտք գործել որոնման խոշոր համակարգ, ինչը կօգնի նրանց մրցելու Google-ի հետ»։
Պարբերականը փոխանցում է որոշ գնահատումներ, որոնց համաձայն՝ Google-ն այժմ գնահատվում է 1,81 տրիլիոն դոլար։
Ամերիկյան արդարադատության նախարարությունը Google-ի դեմ հակամենաշնորհային հայց է ներկայացրել դեռ 2020 թվականին: Ընկերությունը մեղադրվում է հակամրցակցային քայլերի մեջ, քանի որ իր որոնողական համակարգը վեբ-բրաուզերներում և սմարթֆոնների խոշոր արտադրողների գլխավոր էկրաններին նախապես տեղադրելու գործարքներ է կնքել: Մասնավորապես, 2021 թվականին ընկերությունն այս պայմանագրերով Apple-ին և Samsung-ին վճարել է մոտ 26,5 մլրդ դոլար։
Որքանո՞վ կհաջողվի մասերի բաժանել որոնողական այդ հզոր համակարգն ու այն փոխարինել նորով, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝
«Գիտեք շատ կախված է դատարանով ինչքան կտևեն քաշքշուկները, դրանք նաև մյուս ատյաններում կքննվեն։ Google-ը բնականաբար փորձելու է հնարավորինս ձգձգել։ Հիմա ինքը գրավել է գրեթե ամբողջ շուկան, առաջ եղել է առաջին տեղում, բայց մեկ է ամբողջ շուկան իրենց ձեռքում չի եղել, բայց վերջին առնվազն տասնամյակում՝ առաջին տեղում է, դե եթե բացառություն անենք Չինաստանի Baidu, բայց Չինաստանը անջատված է այդ առումով»։
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է, որ այսօր որոնողական համակարգում Google-ն իրոք մրցակից չունի, և չկա որևէ որոնողական համակարգ, որը կարողանա փոխարինել դրան, առավել ևս, որ միտումները ցույց են տալիս, որ նախընտրությունը սկսում է տրվել արհեստական բանականության համակարգերին։
«Մարդիկ քիչ-քիչ որոնողական համակարգերից դուրս են գալու և ավելի շատ արհեստական բանականությունով են փնտրելու։ Google-ը դուրս չի մնա, քանի որ իր արհեստական բանականությունն է աշխատացնում հիմա։ Google android հեռախոսների վրա պարտադրված google gemini է դնում, այնպես որ ունի ևս մեկ հնարավորություն ևս մեկ մենաշնորհ ստեղծելու։ Բայց արդեն google մեքենաներից օգտվելը քչացել է, արհեստական բանականությունովը՝ աճել, կոնկրետ հարցերին պատասխան գտնելու առումով»։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջել է նաև Chrome բրաուզերի վաճառքը: Գերատեսչության կարծիքով՝ այն առանցքային դիրք է զբաղեցնում Google-ի ծառայություններում ինտերնետ-օգտատերերին ներգրավելու հարցում։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ այս գործով դատական լսումները կտևեն երեք շաբաթ:
Իսկ Google-ը հերքում է մեղադրանքները։ Ընկերությունը հակադարձում է, որ օգտատերերի կողմից իր որոնման համակարգի ընտրության վրա ազդել է այն, որ իր ծառայությունն ավելի լավն է, քան Microsoft-ի Bing-ինը կամ DuckDuckGo-ինը:
Մեկնաբանելով ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարությունները՝ Google-ից, ըստ The New York Times-ի, նշում են, որ օգտատերերն ինքնակամ ընտրում են ընկերության ծառայությունները դրանց որակի պատճառով: Կորպորացիայի ներկայացուցիչները հերքում են հակամենաշնորհային օրենսդրության խախտման մեղադրանքները։
Google-ն ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է․ դրան է բաժին ընկնում համաշխարհային որոնումների մոտ 80%-ը։ Համակարգն ամսական ընդունում է ավելի քան 41.3 միլիարդ հարցում, այն ինդեքսավորում է ավելի քան 25 միլիարդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով։
Google որոնման համակարգն ստեղծվել է 1998 թվականին՝ որպես Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծ:
Ավելի ուշ արդեն Google-ի որոշ մասնագետներ մեղադրվեցին որոշ երկրներում գոյություն ունեցող ռեժիմների տապալման գործում մասնակցության համար։
Google-ին առնչվող որոշումն ամերիկյան իշխանությունների միակ որոշումը չէ, որը իրարանցում է առաջացրել համացանցային մեգատիրույթում։ ԱՄՆ-ը հակամենաշնորհային գործ է քննում նաև Meta-ի դեմ, որին պատկանում են Facebook ու Instagram սոցիալական ցանցերը և WhatsApp մեսենջերը։ Օրեր առաջ ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը դատական նիստում ցուցմունք է տվել ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից ներկայացված հայցի վերաբերյալ։
Դաշնային գործակալությունը կարծում է, որ Meta-ն գնել է Instagram-ը 2012-ին, իսկ WhatsApp-ը՝ 2014-ին՝ Facebook-ի հետ դրանց մրցակցությանը դիմակայելու հեռահար նպատակով։ Հանձնաժողովը պնդում է, որ կամ Meta-ն վերակազմավորվի, կամ վաճառքի հանի Instagram-ն ու WhatsApp-ը։ Ցուկերբերգը հերքում է մեղադրանքները։
Նրա ընկերության դեմ առաջին հայցը, ինչպես և Google-ի դեմ հայցը ներկայացվել են դեռ 2020 թվականին, սակայն վեց ամիս անց մերժվել են։ Առևտրի դաշնային հանձնաժողովն այնուհետև կրկին դիմել է դատարան՝ կապված Meta-ի մենաշնորհի հետ:
Առևտրի դաշնային հանձնաժողովը Meta-ին մեղադրում է նաև անազնիվ մրցակցային մեթոդների կիրառման մեջ՝ մասնավորապես գնահատում անելով, որ այն կանխում է Instagram-ի արագ աճը՝ հօգուտ Facebook-ի։




